Մատչելիության հղումներ

Հայաստանի վիզա ստանալու համար օտարերկրացիներն այլևս դիմում-հարցաթերթիկ չեն լրացնի


Հայ-վրացական սահմանի Բագրատաշենի անցակետը, արխիվ

Վարչարարությունը առավելագույնս պարզեցնելու և օտարերկրացիներին մատուցվող ծառայությունների որակը բարելավելու նպատակով՝ կառավարությունը այսօր փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում. Հայաստան մուտքի վիզա ստանալու համար կվերացվի օտարերկրացիների կողմից դիմում-հարցաթերթիկ լրացնելու պահանջը:

Հիմնավորման համաձայն՝ երբ օտարերկրացիները Հայաստան մուտքի վիզա ստանում են պետական սահմանի անցման կետում, անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին պետք է լրացնեն դիմում-հարցաթերթիկ, ինչը պահանջում է տևական ժամանակ, և արդյունքում անցման կետում առաջանում են կուտակումներ, հերթեր: Մինչդեռ պրակտիկան ցույց է տվել, որ հարցաթերթիկում տվյալների մեծ մասը լրացնելու անհրաժեշտությունը կրում է ձևական բնույթ, քանի որ դրանք հաճախ լրացվում են սխալ, չեն ստուգվում և որևէ նպատակով չեն օգտագործվում:

Միաժամանակ, որոշմամբ նախատեսվում է դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում տրվող, ինչպես նաև տրամադրված մուտքի վիզայի ժամկետը Հայաստանի տարածքում երկարաձգելու դեպքում դիմում-հարցաթերթիկի փոխարեն նախատեսել միայն դիմում լրացնելու պահանջ: Դիմումն իր մեջ պարունակելու է բացառապես անձի անուն ազգանունը, ինչպես նաև մուտքի համար անհրաժեշտ օրերի քանակը և անձի ստորագրությունը: Այս դեպքում նաև լուսանկար ներկայացնելու պահանջն է վերացվում, քանի որ անձը հաստատող փաստաթղթում արդեն իսկ առկա է օտարերկրացու լուսանկարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG