Մատչելիության հղումներ

Թուրքիայում հանրաքվեի արդյունքները բողոքարկում է նաև քրդամետ կուսակցությունը


Թուրքիա - Քաղաքացիները հերթ են կանգնել՝ Գերագույն ընտրական հանձնաժողովում անհատապես բողոքարկելու սահմանադրական հանրաքվեի արդյունքները, Անկարա, 18-ը ապրիլի, 2017թ․
Թուրքիա - Քաղաքացիները հերթ են կանգնել՝ Գերագույն ընտրական հանձնաժողովում անհատապես բողոքարկելու սահմանադրական հանրաքվեի արդյունքները, Անկարա, 18-ը ապրիլի, 2017թ․

Թուրքիայի ընդդիմադիր ուժերը մեկը մյուսի ետևից դիմում են երկրի գերագույն ընտրական մարմին՝ սահմանադրական հանրաքվեի արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով: Երկրի ամենախոշոր ընդդիմադիր ուժից՝ Ժողովրդա-հանրապետական կուսակցությունից հետո քվեարկության արդյունքները բողոքարկում է նաև քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը:

Կուսակցության ներկայացուցիչ Միթհաթ Սանջարը, կասկածի տակ դնելով կիրակնօրյա հանրաքվեի պաշտոնական արդյունքները, շեշտում է, որ իշխանությունները կեղծարարությունը սկսել են դեռևս նախընտրական շրջանում՝ խոչընդոտելով ընդդիմության քարոզչությանը:

Սանջարը հիշեցնում է, որ «Այո»-ի քարոզարշավն անցել է արտակարգ դրության պայմաններում, փոփոխություններին դեմ տասնյակ ազդեցիկ քաղաքական առաջնորդներ գտնվել են ճաղերի ետևում, իշխանությունները բազմիցս մերժել են դիտորդություն իրականացնելու հայտերը ընդդիմադիր ճամբարից: Քրդամետ գործիչը, այդուհանդերձ, առանձնացնում է, իր խոսքով, ամենակոպիտ խախտումը, որ ուղղակիորեն ազդել է ընտրությունների ընթացքի վրա՝ առանց կնիքի քվեաթերթիկների լցոնումը: Ընդդիմադիր ուժի գնահատականներով՝ առանց կնիքի քվեաթերթիկները ապահովել են մինչև մոտ 4 տոկոս «կողմ» ձայն:

2002 թվականից ի վեր ընտրություններում տարած տասը հաղթանակներից հետո Ռեջեփ Էրդողանը հերթական հաղթանակը տոնում է քվեների չնչին առավելությամբ: Թուրքիայի կեսը մերժել է նախագահի առաջարկած փոփոխությունները, որոնք նրան ոչ միայն հնարավորություն են տալիս վերահսկել խորհրդարանը, դատական իշխանությունը, նախարարներին, այլև, ըստ էության, թույլ են տալիս ցմահ իշխել:

Թուրքիայի Հանրապետության ստեղծումից ի վեր երկրի Սահմանադրությունում արված ամենախոշոր այս փոփոխությանը, հիշեցնենք, նախնական տվյալների համաձայն կողմ է քվեարկել ընտրողների 51 տոկոսից ավելին՝ մոտ 25 միլիոն մարդ, իսկ դեմ է արտահայտվել 48․59 տոկոս՝ մոտ 23 միլիոն 777 հազար մարդ:

Դեմ են քվեարկել, մասնավորապես, Թուրքիայի խոշոր քաղաքները, որոնցում երրորդ օրն է բողոքի ցույցերը չեն դադարում: Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում, Էսքիշեհիրում բազմահազարանոց ցույցերի մասնակիցները ընտրական մարմնից պահանջում են անվավեր ճանաչել առանց կնիքի քվեաթերթիկները, որոնք, ցուցարարների պնդմամբ, ապահովել են Էրդողանի հաղթանակը:

Թուրքիայի իշխանությունները, որոնք անցյալ տարվա հեղաշրջման անհաջող փորձից հետո ձերբակալել են մոտ 40 հազար հոգու, աշխատանքից հեռացրել ավելի քան 130 հազար պետական ծառայողի, փակել տասնյակ լրատվամիջոցներ, հայտարարում են անթերի ընտրությունների մասին: Էրդողանի վարչակազմը պնդում է, թե կիրակնօրյա ընտրությունների արդյունքները արտացոլում են թուրք ժողովրդի կամքը:

Սահմանադրական հանրաքվեն հաջողությամբ իրականացնելու կապակցությամբ Թուրքիայի նախագահը շարունակում է շնորհավորանքներ ստանալ: Երեկ Էրդողանը հեռախոսազանգ է ստացել Կրեմլից․ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը թուրք պաշտոնակցի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է նաև Սիրիայում տիրող իրավիճակը, ասվում է պաշտոնական հաղորդագրությունում:

Չնայած արևմտյան դիտորդների կոշտ գնահատականներին՝ Թուրքիայի նախագահին շնորհավորել էր նաև Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG