Մատչելիության հղումներ

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը դիմել է ԳԸՀ՝ պահանջելով չեղյալ համարել հանրաքվեի արդյունքները


Թուրքիա - «Ոչ»-ի կողմնակիցների բողոքի ակցիան Ստամբուլում, 17-ը ապրիլի, 2017թ.
Թուրքիա - «Ոչ»-ի կողմնակիցների բողոքի ակցիան Ստամբուլում, 17-ը ապրիլի, 2017թ.

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը չի ճանաչում սահմանադրական հանրաքվեի արդյունքները և պահանջում է չեղյալ համարել այն։ Կուսակցության փոխնախագահ Բյուլենթ Թեզջանը նախօրեին այս պահանջն արտահայտող դիմում է ներկայացրել Գերագույն ընտրական հանձնաժողով։

Հարյուրավոր քաղաքացիներ ևս դիմել են հանձնաժողովին՝ իրենց դժգոհությունը արտահայտելով հանրաքվեի արդյունքների վերաբերյալ։

Ընդդիմության գլխավոր առարկությունը Գերագույն ընտրական հանձնաժողովի՝ առանց կնիքի քվեաթերթիկները վավեր համարելու մասին որոշումն է։ Նրանք պնդում են, թե դա հակաօրինական որոշում է, որն էական ազդեցություն է ունեցել հանրաքվեի արդյունքների վրա։

Գերագույն ընտրական հանձնաժողովը, սակայն, հակադարձում է. - «Ընդունված որոշումը չի հակասում Ընտրական օրենսգրքին և ընդունվել է հանրաքվեի օրվա առավոտյան, այսինքն՝ մինչև ձայների հաշվարկը»։

«Հանձնաժողովների որոշ անդամների սխալը չպետք է ազդի քաղաքացիների սահմանադրական իրավունքի վրա», - հայտարարել է հանձնաժողովի նախագահը։

Անցած կիրակի կայացած հանրաքվեի ժամանակ գրանցված խախտումները արձանագրել են նաև եվրոպացի դիտորդները։ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության ղեկավար Սեզար Ֆլորին Պրեդան երեկ հայտարարել էր, թե հանրաքվեն չի համապատասխանում եվրոպական արժեքներին։

Մինչդեռ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հանրաքվեի մասին կարծիք հայտնած եվրոպական կառույցներին կոչ է արել «չափը ճանաչել»։

«Մենք ո՛չ կտեսնենք, ո՛չ կլսենք, ո՛չ էլ կճանաչենք քաղաքական բովանդակությամբ ձեր զեկույցները։ Մենք կշարունակենք մեր ուղին։ Այս երկիրն ամենաժողովրդավար հանրաքվեն է անցկացրել, որի նմանը չի եղել արևմտյան ոչ մի երկրում», - հայտարարել է Էրդողանը։

Սահմանադրական հանրաքվեի վերջնական արդյունքները հայտնի կդառնան առաջիկա տասը օրվա ընթացքում, իսկ մինչ այդ Թուրքիայի խորհրդարանը որոշել է ևս երեք ամսով երկարաձգել հուլիսյան հեղաշրջման փորձից հետո երկրում հայտարարված արտակարգ դրությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG