Մատչելիության հղումներ

Մեղադրանք է առաջադրվել «Ազատության» լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար


Ապրիլի 2-ի ընտրությունները Երևանի ընտրատեղամասերից մեկում

Ապրիլի 2-ին Ազգային ժողովի ընտրությունները լուսաբանող լրագրողի նկատմամբ բռնություն գործադրելու և մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում, ՀՔԾ հաղորդագրության համաձայն, պարզվել է, որ Երևանի բնակիչ Լևոն Գասպարյանը «ընտրատեղամաս գնալիս, նկատելով Ռուսթավելի 15 հասցեում տեղակայված նախընտրական շտաբի դիմաց հավաքված քաղաքացիներին և ընտրությունների ընթացքը նշված տարածքում լուսաբանող «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Սիսակ Գաբրիելյանին, մոտեցել է վերջինիս և պահանջել դադարեցնել նկարահանումները, սակայն լրագրողը շարունակել է իրականացնել իր լիազորությունները»: «Այդ ընթացքում Լևոն Գասպարյանը, լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դիտավորությամբ, բռնություն է գործադրել Սիսակ Գաբրիելյանի նկատմամբ. քաշել է նրա ձեռքից, խլել նկարահանող սարքավորումը` խոչընդոտելով լրագրողի` ընտրությունների ընթացքը լուսաբանելու իր լիազորությունների իրականացմանը», - ասված է հաղորդագրությունում:

«Այսպիսով, «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Սիսակ Գաբրիելյանի նկատմամբ բռնություն գործադրելու և վերջինիս մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար Լևոն Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով», - փոխանցում է ՀՔԾ-ն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG