Մատչելիության հղումներ

Ջրվեժում սպանության գործով հետախուզում է հայտարարվել անչափահասի նկատմամբ


Քննչական կոմիտեն հաղորդում է, որ Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են Ջրվեժում 35-ամյա տղամարդու սպանության շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:

Ապրիլի 11-ին ահազանգ էր ստացվել, որ Ջրվեժի Մայակ թաղամասի շենքերից մեկի բնակարանում տղամարդու դի կա, դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր Երևանի 35-ամյա բնակչի դին՝ կրծքավանդակի առաջային և հետին մասում կտրած-ծակած վնասվածքներով: Նույն օրը հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի («Սպանություն») 1-ին մասով, մշակվել քննչական պլան, և ձեռնարկվել քննչական ու օպերատիվ-որոնողական գործողություններ՝ տղամարդու մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:

«Արդյունքում՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ նշված բնակարանում, որտեղ սպանվել է տղամարդը, վարձակալական հիմունքներով բնակվել է 42-ամյա մի կին, պարզվել վերջինիս ինքնությունը և նրա առնչությունն սպանված տղամարդու հետ։ Քրեական գործով որպես կասկածյալ ձերբակալվել էր 42-ամյա կինը։ Իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում չի հիմնավորվել կնոջ մասնակցությունը կատարված սպանությանը, բավարար ապացույցներ են ձեռք բերվել սպանությունը կնոջ անչափահաս որդու կողմից կատարված լինելու վերաբերյալ, և ձեռք բերված ապացույցների հիման վրա ՝ 17-ամյա տղան ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, և վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում», - ասված է հաղորդագրությունում:

Նախաքննությունը շարունակվում է: Նկատի ունենալով քրեական գործի առանձնահատկությունները՝ վարույթի մասնակիցների մասնավոր կյանքի պաշտպանության նպատակով նույնականացնող տվյալները հրապարակման ենթակա չեն, նշված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG