Մոսկվայի Բասմանի դատարանը Սանկտ Պետերբուրգի մետրոպոլիտենի ահաբեկչության ենթադրյալ կազմակերպիչ Աբրոր Ազիմովի նկատմամբ խափանման միջոց է ընտրել ազատազրկումը՝ մինչև հունիսի 3-ը:
Ազիմովը ձերբակալվել էր նախօրեին: Դատարանում նա չի ընդունել իր մեղքը, թեև ավելի վաղ թե՛ նրա փաստաբան Արմեն Զադոյանը, թե՛ գործով քննիչը հայտարարել էին, որ նա խոստովանել է մեղքը:
Ազիմովը ձերբակալվել է Դաշնային հատուկ ծառայությունների կողմից: Ըստ իրավապահների, նրա մոտ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ: Քննիչների պնդմամբ, նա է նախապատրաստել Աբարժոն Ջալիլովին, ով համարվում է ահաբեկչությունն իրականացնողը: Լրատվամիջոցների փոխանցմամբ, Ազիմովը միակն էր, ում հետ Ջալիլովը կապ է հաստատել հեռախոսի միջոցով ահաբեկչությունից անմիջապես առաջ: «Ինտերֆաքսի» փոխանցմամբ, Ազիմովը 2013 թվականից Ռուսաստանի քաղաքացի է:
Հիշեցնենք, որևէ ահաբեկչական խմբավորում պատասխանատվություն չի ստանձնել ապրիլի 3-ի ահաբեկչության համար, որի հետևանքով, ըստ վերջին տվյալների, 15 մարդ մահացել է, 100-ից ավելի մարդ տուժող է ճանաչվել: