Մատչելիության հղումներ

46-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ Աշտարակ քաղաքի բնակչի սպանության համար


ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Աշտարակ քաղաքի 46-ամյա բնակչին՝ նույն քաղաքի բնակիչ Հ. Մովսիսյանի սպանության համար:

«2017թ. ապրիլի 10-ին ահազանգ էր ստացվել առ այն͵ որ Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհից մոտ 250 մետր հեռավորության վրա գտնվող վագոն տնակում հայտնաբերվել է տղամարդու դի՝ հրազենային բազմաթիվ վնասվածքներով: Անմիջապես դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խմբի կողմից հայտնաբերվել է քաղաքացի Հ.Մովսիսյանի դին՝ 17 հրազենային վնասվածքով։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 5,45 մմ տրամաչափի 10 հատ պարկուճ͵ արնանման հետքեր։

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 46-ամյա տղամարդը վագոն տնակում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է Հ.Մովսիսյանի հետ͵ որի ժամանակ ինքնաձիգից կրակահերթ է արձակել նրա վրա՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ։ Ապա՝ հանցագործության գործիք հանդիսացող ինքնաձիգն ու վագոն տնակում առկա մյուս ինքնաձիգը դրել է տուժողի «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայի սրահում և նշված ավտոմեքենայով դիմել փախուստի՝ ուղևորվելով Աշտարակ քաղաքի հրապարակի ուղղությամբ,սակայն ճանապարհին վթարի է ենթարկվել՝ բախվելով մի քանի ավտոմեքենաների:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 46-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը»,- նշված է ՔԿ հաղորդագրության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG