Աշխատանքային այցով Բիշքեկում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ԵՏՄ անդամ մյուս պետությունների ղեկավարների՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի, Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և նիստին հրավիրված Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին: Նիստին ներկա է եղել նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:
Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, Կանոնակարգի համաձայն խորհրդի նեղ, ապա ընդլայնված կազմով նիստերը վարել է Կազմակերպությունում նախագահող երկրի` Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը: Օրակարգի մեկ տասնյակ հարցերի շարքում ԵՏՄ անդամ պետությունների նախագահներին ներկայացվել է 2015-ից 2016 թվականներին Եվրասիական տնտեսական միության միջազգային գործունեության հիմնական ուղղությունների իրականացման վերաբերյալ զեկույցը, քննարկվել են 2017-ից 2018 թվականներին Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական ուղենիշների, Բարձրագույն խորհրդին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամների թեկնածուների ներկայացման, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքային կանոնակարգում փոփոխություններ կատարելու վերաբերյալ փաստաթղթերը:
Անդրադարձ է եղել նաև մի կողմից՝ Եվրասիական տնտեսական միության ու միության անդամ պետությունների, մյուս կողմից՝ Իրանի միջև ազատ առևտրի գոտու ձևավորմանը միտված՝ մշակման փուլում գտնվող ժամանակավոր համաձայնագրի նախագծին։
Ի թիվս այլ հարցերի, նիստի ընթացքում քննարկվել է Մոլդովային Եվրասիական տնտեսական միության դիտորդ-պետության կարգավիճակ տրամադրելու հարցը:
Նախագահները որոշել են Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստն անցկացնել ս.թ. հոկտեմբերի 11-ին, Մոսկվայում:
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով: