Մատչելիության հղումներ

Զուրաբյան․ ՍԱՍ Գրուպի ժողովի ձայնագրությունը տեղ կգտնի ՍԴ ներկայացվելիք դիմումում


«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը սկսում է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը, Երևան, 5-ը մարտի, 2017թ․

Խորհրդարանական ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով Սահմանադրական դատարան այսօր ներկայացվելիք դիմումում «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը որպես ապացույց ներկայացնելու է նաև երեկ հրապարակված՝ ՍԱՍ Գրուպի ժողովին արված ձայնագրությունը։

Մամուլը երեկվանից խիստ քննադատության է ենթարկում Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր Արտակ Սարգսյանին, պատճառը Hayastan24.com կայքում հրապարակված ձայնագրությունն է, որտեղ, լրատվամիջոցի պնդմամբ, ՍԱՍ Գրուպում տեղի ունեցած նախընտրական ժողովներից մեկի ձայնագրությունն է։ Այնտեղ լսվում է, որ մի տղամարդ աշխատակիցներին հորդորում է աշխատել Արտակ Սարգսյանի համար, իսկ ով ձայն չի բերի՝ նրա հետ հարաբերությունները առաջվանը չեն լինի, և նա կկորցնի աշխատանքը։

Լիազորություններն ավարտող խորհրդարանի Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի խոսքով՝ սա նոր ապացույց է, որը նույնպես ընտրություններն անվավեր ճանաչելու հիմք կարող է լինել։

«Հրապարակված ձայնագրությունը ցույց է տալիս այն մեխանիզմները, թե ինչպես են ահաբեկել ժողովրդին, ինչպես են մարդկանց ճնշել, ստիպել ձայներ հավաքել։ Դա իհարկե նոր հանգամանք չի, մենք մեր հայցում բոլոր այդ մեխանիզմները նկարագրել ենք, ուղղակի սա նոր ապացույց է, և մենք բնականաբար այդ ապացույցը կներկայացնենք Սահմանադրական դատարանին», - ասաց Զուրաբյանը։

Նա տեղեկացրեց, որ դիմումը դատարան կներկայացնեն այսօր մինչև ժամը 18-ը։

Ավելի վաղ «Ազատություն»-ը «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի գրասենյակից տեղեկացավ, որ այսօր դաշինքը դիմելու է Սահմանադրական դատարան՝ բողոքարկելու ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքների օրինականությունը: Ընդդիմադիր ուժը դատարանից պահանջելու է անվավեր ճանաչել ընտրությունները։ Նման պահանջով դիմում «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողով էր ներկայացրել, սակայն ապրիլի 9-ին այն մերժվեց։

Խորհրդարանական ընտրությունների մասնակից 9 ուժերից «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը միակն է, որ բողոքարկում է ընտրությունների արդյունքների օրինականությունը Սահմանադրական դատարանում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG