Մատչելիության հղումներ

Ապրիլի 16-ին Թուրքիայում տեղի կունենա սահմանադրական հանրաքվե


Թուրքիայում Սահմանադրության բարեփոխումների կողմնակիցներն «այո» կարգախոսի ներքո Ստամբուլում հանրահավաք են անցկացնում, 13-ը ապրիլի, 2017թ.

Ընդդիմությունը համոզված է, որ նախագահը երազում է միահեծան իշխանության մասին:

Թուրքիայում երեկ հրապարակված երկու հարցախույզների արդյունքները վկայում են, որ հասարակությունը բաժանված է երկու գրեթե հավասար մասի՝ ընտրողների մոտ 51 տոկոսը մտադիր է առաջիկա կիրակի օրը՝ ապրիլի 16-ին, հավանություն տալ սահմանադրական լրամշակումների փաթեթին, որը ենթադրում է հավելյալ կարևոր լծակների տրամադրում նախագահին:

Այսօր գործող Սահմանադրությամբ նախագահը հիմնականում ունի ներկայացուցչական լիազորություններ:

Հանրաքվեի քարոզարշավի ընթացքում Թուրքիայի և եվրոպական որոշ երկրների հարաբերություններն էապես վատթարացել են:

Գերմանիայում և Հոլանդիայում թուրք պաշտոնյաների և թուրքական համայնքների նախընտրական հանդիպումների արգելումը վրդովմունք է առաջացրել Անկարայում, որտեղ նախագահ Ռեջեփ Էրդողանը և մի շարք բարձրաստիճան ղեկավարներ եվրոպացիների հասցեին հնչեցրել են աղաղակող վիրավորական հայտարարություններ և սպառնալիքներ ու նույնիսկ պնդել, թե այդ երկրներում ֆաշիստական ռեժիմներ են:

«Եվրոպացիները մոռացկոտ են միջազգային օրենքների հարցում, և երբ ես նրանց ֆաշիստ եմ անվանում, նրանք շատ են նեղվում», - Զոնգուլդակ ավանում վերջերս տեղի ունեցած քարոզչական հանդիպման ժամանակ հեգնել է Էրդողանը:

Նա համոզված է, որ քաղաքացիները կողմ են քվեարկելու: Հանրաքվեի թերթիկում մեկ հարց է՝ «Ուզո՞ւմ եք, որ երկրում հաստատվի նախագահական համակարգ», և երկու հնարավոր պատասխան՝ «Այո» կամ «Ոչ»:

Բարեփոխումը կընդունվի, եթե դրա օգտին քվեարկի ընտրողների կեսից ավելին: Այդ դեպքում Թուրքիայի խորհրդարանին՝ Ազգային մեծ ժողովին վերապահված լիազորություններից շատերը կփոխանցվեն նախագահին:

Ահա առանցքային դրույթները՝ վարչապետի պաշտոնը կլուծարվի, դրա փոխարեն կսահմանվեն փոխնախագահների պաշտոններ:

Նախագահը, ըստ նոր Սահմանադրության, կստանա բյուջե կազմելու, քաղաքական կուսակցության անդամ լինելու, օրենքի ուժ ունեցող հրամանագրեր արձակելու, կառավարության կառուցվածքը փոխելու, խորհրդարանը լուծարելու, արտակարգ դրություն հայտարարելու, բարձրաստիճան դատավորներին նշանակելու, խորհրդարանի կարծիքը հաշվի չառնելով կառավարության անդամներին նշանակելու իրավունքներ:

Առաջարկվող փոփոխություններից մեկն էլ այն է, որ նախագահի պաշտոնավարման բոլոր նախորդ ժամկետներն այլևս ուժը կորցրած կհամարվեն, և Էրդողանը տեսականորեն կստանա մինչև 2029 թվականը նախագահելու հնարավորություն:

Ընդդիմությունը համոզված է, որ Էրդողանն ընդամենը ցանկանում է ավելացնել իր լծակները և Թուրքիայում հաստատել հակադեմոկրատական միահեծան իշխանություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG