Մատչելիության հղումներ

Հայաստանի արտգործնախարարը մասնակցել է Արևելյան գործընկերության և Վիշեգրադյան քառյակի արտգործնախարարների հանդիպմանը


Ապրիլի 12-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Վարշավայում մասնակցեց Եվրոպական միության Արևելյան գործընկերության և Վիշեգրադյան քառյակի (Լեհաստան, Չեխիա, Սլովակիա, Հունգարիա) արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների ընդլայնված հանդիպմանը, որին ներկա էին նաև ԵՄ մի շարք այլ երկրների ԱԳ նախարարներ, Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը:

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության տարածած հաղորդագրության համաձայն, Հայաստանի արտգործնախարարը, մասնավորապես, ասել է․ - «Մարտի 21-ին Հայաստանը և Եվրոպական միությունը նախաստորագրեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը կարտացոլի մեր հարաբերությունների խորությունն ու էությունը և կսահմանի ընդլայնված գործընկերության նոր ուղենիշներ: Ենթակառուցվածքների փոխկապակցվածությունը պատշաճ տեղ է զբաղեցնում ինչպես Շրջանակային համաձայնագրում, այնպես էլ Հայաստանի և Եվրոպական միութան միջև 2017-2020 թվականների համար գործընկերության առաջնայնություններում` ընդգծելով դրա կարևորությունը ոչ միայն երկկողմ հարաբերությունների համար, այլ նաև տարածաշրջանային համագործակցության համատեքստում»:

Հիշեցնելով, որ Հայաստանը Եվրոպական միության և այլ գործընկերների հետ միասին ներգրավված է ենթակառուցվածքների փոխկապակցվածության տարաբնույթ ծրագրերում, Էդվարդ Նալբանդյանը նշել է․ - «Ենթակառուցվածքային փոխկապակցվածության և տնտեսական համագործակցության շնորհիվ մենք կարող ենք արդյունավետորեն խթանել տարածաշրջանային կայունությունը և զարգացումը։ Կարևոր է, որպեսզի փոխկապակցվածության գաղափարին անդրադառնանք ոչ միայն Եվրոպական միության և Արևելյան գործընկերության երկրների, այլև ավելի լայն համատեքստում՝ տարբեր ինտեգրացիոն ձևաչափերի միջև։Եվրոպական միության և Եվրասիական տնտեսական միության միջև կապերը պետք է իրատեսական և կոնկրետ արդյունքների միտված երկխոսության մաս հանդիսանան։ Հայաստանը, որպես ԵԱՏՄ անդամ երկիր և Արևելյան գործընկերության մասնակից, պատրաստ է այս առումով իր նպաստը բերել»:

Օգտվելով առիթից՝ Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական միությանը՝ Հայաստանում ազատ և արդար խորհրդարանական ընտրությունների կազմակերպման ուղղությամբ տրամադրված զգալի տեխնիկական ու ֆինանսական աջակցության համար․ - «Գնահատելով ապրիլի սկզբին անցկացված ընտրությունները՝ Եվրոպական միությունը հայտարարեց, որ դրանք լավ կազմակերպված էին, հիմնարար ազատությունները հիմնականում հարգվել են, իսկ արդյունքներն արտահայտում են Հայաստանի քաղաքացիների կամքը։ ԵՄ նաև պատրաստակամություն հայտնեց՝ աշխատելու ժողովրդավարական ճանապարհով ընտրված նոր խորհրդարանի և կառավարության հետ։ Իր հերթին Հայաստանը ևս հանձնառու է շարունակել սերտ համագործակցությունը Եվրոպական միության հետ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG