Մատչելիության հղումներ

ԵՄ ծրագրով հայկական ստարտափերը պատրաստվում են դրամաշնորհային մրցույթի երկրորդ փուլին


ԵՄ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի նախաձեռնությամբ Աղվերանում ապրիլի 8–9–ը տեղի ունեցավ հանդիպում՝ տեխնոլոգիական նորարարությունները կյանքի կոչելու համար դրամաշնորհ տրամադրելու նպատակով նախատեսված մրցույթի երկրորդ փուլին ընդառաջ:

Մրցույթի առաջին փուլում 40 ստարտափերից ընտրվել է 24-ը: Մայիսի 5-9-ը նախատեսված Վենչուրային համաժողովի ժամանակ մրցույթի երկրորդ փուլով 24 ընկերություններից լավագույննները կարժանանան դրամաշնորհի:

ԵՄ նախաձեռնած ծրագրով նախատեսված է ոչ ավելի, քան 18 դրամաշնորհ՝ նորարարական առաջարկներ և տեխնոլոգիական նախագծեր ներկայացրած կազմակերպություններին: Նախատեսվում է հատկացնել 30.000 մինչև 50.000 եվրոյի չափով դրամաշնորհներ՝ առավելագույնը 12 ամիս տևողությամբ ծրագրերի համար, իսկ գիտական և տեխնոլոգիական ձեռնարկատիրության ծրագրերի համար նախատեսված դրամաշնորհների մրցույթի շրջանակում կհատկացվի մոտ 10 դրամաշնորհ՝ մինչև 15.000 եվրոյի չափով, առավելագույնը 12 ամիս տևողությամբ ծրագրերի համար:

Մրցույթի երկրորդ փուլին ստարտափերի նախապատրաստության նպատակով նորարարությունների հեղինակներին իրենց խորհուրդները փոխանցեցին ձեռնարկատիրության զարգացման և ներդրումների ոլորտում հայտնի միջազգային և տեղացի մասնագետները, որոք վերջին օրերին ակտիվ աշխատում են ստարտափերի հիմնադիրների հետ:

Նիդերլանդներում գործող, ինտերնետի, մոբայլ էփլիքեյշընների, խաղերի ոլորտում բիզնես սկսելու հավակնությունները կյանքի կոչելու հարցերում մասնագիտացած Crosspring ընկերության ներկայացուցիչ Մորիս Բեքանդ Վերվին ստարտափերի հիմնադիրներին հետաքրքրող հարցերի շրջանակներում քննարկեց հաջողակ և կայուն բիզնես սկսելու մեթոդները և անհրաժեշտ պայմանները:

«Հայկական շուկան իսկապես ինքնին շատ փոքր է, այդ պատճառով շատ ընկերությունների դեպքում օժանդակության կարիք կա, որպեսզի աճեն միջազգային չափանիշներին համապատասխան»,- նշեց Մորիս Բեքանդ Վերվին՝ վերահաստատելով, որ 2 ամիս առաջ ինովացիոն առաջարկները լսելուց հետո հայկական 1 ստարտափում ներդրում կատարելու փաստը հիմք է տալիս շարունակել ներդրումները նաև իրեն հետաքրքրող այլ ստարտափերում:

Իսպանական Սալամանկա քաղաքում հիմնադրված Siliconseeds ընկերության ներկայացուցիչ, բիզնեսի զարգացման ռազմավարական հարցերի խորհրդատու Ջեզուս Լոզանոն ևս հետաքրքրված է Հայաստանում ձեռներեցության և ներդրումային դաշտով:

Ջեզուս Լոզանոն ստարտափերի հաջողության համար կարևոր համարեց ոչ միայն ֆինանսական ներդրումները, այլև «Բիզնես–հրեշտակ» («Business Angel» հնարավորությունների կիրառմամբ ստարտափերի գործունեության անհրաժեշտ պլատֆորմ ձևավորելը :

ԵՄ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի խորհրդատու, ծրագիրն իրականացնող Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ներկայացուիչ Պիեր Պրիևիչը ստարտափերի՝ հաջողության հասնելու ճանապարհը համարեցմարկետինգի գլխավոր բաղադրիչներին պատշաճ տիրապետելու հմտությունը: Պիեր Պրիևեչի նախաձեռնությամբ տեղի ունեցան մի քանի գործնական աշխատանքներ: Նա կազմակերպեց մի իրավիճակ, երբ տարբեր ստարտափերի հիմնադիրները և ներկայացուցիչներ իրենց գործընկերների և մրցակից ընկերությունների գաղափարները ներկայացրին նրանց փոխարեն: Ստարտափերի ներկայացուցչիչների համար այս տարբերակն օգտակար էր գործընկերների առաջարկներին առավել խորությամբ տիրապետելու և շահերի ընդհանրության դեպքում համագործակցության եզրերի հստակեցման իմաստով:

Սլավոնական համալսարանի ռեկտորի խորհրդական, ստարտափերի գիտության (startup science) իր փորձն ուսանողներին փոխանցող Համբարձում Քաղկեցյանը ստարտափերի ներկայացուցիչներին մարքետինգի գլխավոր բաղադրիչների կարևորությունը բացատրելով՝ նշեց միջազգային չափանիշներով ընդունելի աշխատաոճի ուղղությունները, առաջարկը կամ արդեն պատրաստի արտադրանքը շուկայում արդյունավետ ներկայացնելու նրբությունները: Համբարձում Քաղկեցյանը փոխանցեց նաև Սիլիկոնյան հովտում իր գործունեության փորձը բիզնեսի կազմակերպման մտածելակերպի, արտադրանքի նախատիպի մշակման և մի շարք այլ կարևոր ոլորտների վերաբերյալ:

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը կարևոր համարեց ԵՄ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի ներդրումը:

«Մենք IT»–ում ունենք լուրջ զարգացումներ: Այժմ ԵՄ հետ քննարկում ենք՝ արդյո՞ք կարող ենք տեխնոլոգիական մյուս ոլորտի՝ ճարտարագիտության մեջ նույն մոդելը կիրառել»,- նշեց Բագրատ Ենգիբարյանը:

XS
SM
MD
LG