Մատչելիության հղումներ

Սպանություն Արագածոտնում, դիակի վրա հայտնաբերվել է 17 հրազենային վնասվածք


Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի քննչական͵ օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում բացահայտվել է Աշտարակ քաղաքում տեղի ունեցած սպանությունը, կասկածյալը ձերբակալվել է։

«2017թ. ապրիլի 10-ին ահազանգ է ստացվել͵ որ Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհից մոտ 250 մետր հեռավորության վրա գտնվող վագոն տնակում հայտնաբերվել է տղամարդու դի՝ հրազենային բազմաթիվ վնասվածքներով: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Դեպքի վայրում հայտնաբերվել է քաղաքացի Հ. Մովսիսյանի դին՝ 17 հրազենային վնասվածքով։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 5,45 մմ տրամաչափի 10 հատ պարկուճ͵ արնանման հետքեր։

ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասերով͵ մշակվել քննչական պլան͵ առաջ քաշվել աշխատանքային վարկածներ͵ որոնք ստուգելու ուղղությամբ իրականացվել են մեծածավալ գործողություններ։

Արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Աշտարակ քաղաքի բնակիչ͵ ծնված 1971թ.։ Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 46-ամյա տղամարդը վագոն տնակում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է Հ. Մովսիսյանի հետ͵ որի ժամանակ ինքնաձիգից կրակահերթ է արձակել նրա վրա՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ։

Ապա՝ տուժողի «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով դեպքի վայրից դիմել է փախուստի և ուղևորվել Աշտարակ քաղաքի հրապարակի ուղղությամբ, սակայն հրապարակն անցնելուց հետո բախվել է մի քանի ավտոմեքենաների։ Կասկածյալը ձերբակալվել է և հարցաքննվել։ Նշանակվել են դիակի դատաբժշկական, դատաձգաբանական, դատակենսաբանական փորձաքննություններ»,- նշված է ՔԿ հաղորդագրության մեջ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG