Մատչելիության հղումներ

Ներքաղաքական զարգացումների շուրջ «Ազատությունը» զրուցել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ:

«Ազատություն»․ - Հանրապետականը դեռ չի՞ հայտարարել, թե նոր խորհրդարանում ով կլինի Ազգային ժողովի նախագահի թեկնածուն, բայց Դուք երեկ արդեն ասել եք լրագրողների հետ զրույցում, որ՝ «ինձ մի տեսեք որպես Գալուստ Սահակյան»: Սա ի՞նչ է նշանակում, եթե Ձեզ առաջարկվի այդ պաշտոնը՝ կհամաձայնե՞ք:

Սահակյան․ - Այստեղ այնպես չէ, որ՝ այսօրվա քաղաքական գործիչները, որոնք կարողացել են ամբողջապես դերակատարում ունենալ 88 թվականից մինչև այսօր, և մտածում են՝ անպայման պիտի պատմության մեջ մնան: Դրա համար էլ ասում եմ՝ ինձ ճանաչեք որպես Գալուստ Սահակյան: Որովհետև ինձ համար խնդիր չէ՝ Ազգային ժողովի նախագահ եմ, թե պատգամավոր, կամ պատգամավոր չեմ, բայց ես նորից Գալուստ Սահակյանն եմ և զբաղվելու եմ քաղաքականությամբ:

«Ազատություն»․ - Այնուհանդերձ, եթե Ձեզ առաջարկվի այդ պաշտոնը, Դուք առաջարկը կընդունե՞ք:

Սահակյան․ - Իհարկե, կընդունեմ: Հետո՝ դա էլ մի տեսակ կեղծ հարց է: Փորձեք որևէ մեկին առաջարկել Ազգային ժողովի նախագահ՝ այդ մարդը պիտի մտածի՞, ասի երկու օր ժամանակ տվեք՝ գնամ քննարկեմ, տեսնեմ գամ Ազգային ժողովի նախագահ, թե ո՞չ: Բնականաբար, եթե դու քաղաքականությանը նվիրված մարդ ես, քեզ որտեղ տեսնի կուսակցությունը՝ այնտեղ էլ հարց ու փորձ չի արվում, դու ուզում ես, թե չես ուզում: Եթե կուսակցությունը այդպես է գտնում, դու պիտի գնաս: Իսկ բնական է, դա էլ անսովոր հարց է, որ՝ եթե Ձեզ առաջարկեն, Դուք կուզեք, թե ոչ: Բնականաբար, ինչո՞ւ պիտի ուզեմ, կամ ինչո՞ւ պիտի չուզեմ:

«Ազատություն»․ - Այլ թեկնածուների մասին էլ է մամուլը գրում այս օրերին, օրինակ՝ Կարեն Կարապետյանի:

Սահակյան․ - Չեմ կարծում, որ որևէ մեկի հարցը քննարկվել է: Նման քննարկում դեռ չենք ունեցել: Ինչո՞ւ մենակ Կարեն Կարապետյանի՝ շատերի հարցն է քննարկվում, իսկ ես կարծում եմ՝ իմ գործընկերներին, որին էլ որ հնարավորություն տրվի Ազգային ժողովի նախագահ լինել, շատ նորմալ Ազգային ժողով կլինի:

«Ազատություն»․ - Կոալիցիոն կառավարություն կլինի՞: Ի՞նչ տրամադրություններ կան Հանրապետականում:

Սահակյան․ - Դեռևս քննարկվում է, կարծում եմ, որ կոալիցիոն կլինի, որովհետև դա մեր տեսակետն է, որ քաղաքական ուժերը, որոնք շատ ձայներ են ստացել, կարողանան մասնակցել: Գիտեք, մենք արդեն Դաշնակցության հետ շատ վաղուց, նաև Սահմանադրությունը անցկացնելու պրոցեսից բավականին մոտ հարաբերությունների մեջ ենք և կարծում եմ՝ առաջիկայում կքննարկվի նաև այդ հարցը:

«Ազատություն»․ - Միայն Դաշնակցությա՞ն հետ:

Սահակյան․ - Կարծում եմ՝ այս պահին միայն Դաշնակցության հետ, որովհետև Դաշնակները իրոք ցանկանում են կոալիցիոն գործընկերություն:

«Ազատություն»․ - Իսկ «Բարգավաճ Հայաստանը», որը ողջ ընտրարշավի ընթացքում ասում էր, համենայնդեպս՝ Նաիրա Զոհրաբյանի խոսքերն եմ մեջբերում, որ Հանրապետականի հետ բացառվում է համագործակցությունը:

Սահակյան․ - Ասեմ հետևյալը՝ «Բարգավաճի» հետ որևէ խոսակցություն չի եղել: Հետո միշտ մտածեք՝ դաշինքները ո՛չ Գալուստ Սահակյանի ասածով են ձևավորվում, ոչ էլ Նաիրա Զոհրաբյանի: Դաշինքները ձևավորվում են լիդերների և ընդհանուր թիմի հետ քննարկմամբ: Դաշինք ձևավորելը չի նշանակում մի կողմը մշտապես թշնամի է, մյուս կողմը մշտապես բարի: Դաշինքները ձևավորվում են ոչ ինչ-որ անձնական նպատակների համար, այլ ձևավորվում են, որպեսզի ավելի ակտիվ աշխատանք կատարվի:

«Ազատություն»․ - Փաստորեն չեք տեսնում «Բարգավաճի» հետ համագործակցության ձևաչափ:

Սահակյան․ - Համենայնդեպս՝ դեռևս նման խոսակցությունների մասնակից չեմ եղել:

«Ազատություն»․ - Սերժ Սարգսյանը 2018-ից հետո կլինի վարչապետ, թե ոչ: Ընդդիմադիրները շատ դեպքերում նրա վերջին հայտարարություններից նման եզրահանգումներ են անում:

Սահակյան․ - Ճիշտն ասած՝ դա որևէ մեկը չի կարող ասել, չեմ կարող ասել նաև ես: Դա 2018 թվականին ինքը՝ Սերժ Սարգսյանը կասի: Բայց ես նաև համոզված եմ, որ Սերժ Սարգսյանը կկարողանա այնպիսի մոտեցումներ ձևավորել, որ ինքը միշտ առաջին դիրքերի վրա լինի ընդհանուր քաղաքականության մեջ: Հիմա՝ վարչապետ կլինի, կամ ինչ-որ մի նոր բան կարելի է մտածել՝ դա որևէ մեկը չի կարող ասել:

«Ազատություն»․ - Օրինակ ի՞նչ:

Սահակյան․ - Չեմ մտածել այդ մասին, որովհետև դա այն խնդիրը չէ, որ մենք մտածենք և առաջարկենք: Բայց ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը մինչև վերջ պիտի լինի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG