«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում հիշեցնելով, որ իր ղեկավարած ուժը Երևանի ավագանու ընտրություններին չի մասնակցելու, իր զորակցությունն է հայտնում մասնակից ընդդիմադիրներին:
«Նախընտրական շրջանում բռնություններով և քաղաքական բանտարկություններով, իսկ ընտրությունների օրը՝ համատարած կաշառքներով և այլ զանգվածային ընտրակեղծիքներով մթագնած խորհրդարանական ընտրությունները հերթական անգամ ի ցույց դրեցին գործող իշխանության՝ ՀՀԿ-ի մոտ ազատ, արդար և օրինական ընտրությունների կազմակերպման քաղաքական կամքի բացակայությունը:
Ամեն դեպքում՝ մեր ժողովրդի ձայնը չմասնատելու նպատակով հերթական անգամ «Ժառանգությունը» հայտ չներկայացրեց Երևանի ավագանու ընտրական մրցապայքարի մեջ մտնելու՝ փոխարենը հաջողություն և օրինական մրցակցություն մաղթելով բոլոր թեկնածուներին և իր զորակցությունը՝ ընտրություններին մասնակցող ընդդիմությանը և Հայաստանի քաղաքացու ազատ և անկաշառ կամարտահայտությանը:
Հանուն մայրաքաղաքի և համայն հանրապետության, իրականում հարկավոր է, որ պարոն Մարգարյանը և իր կուսակցությունը իրենք դառնան պարկեշտ, օրինապաշտ ընդդիմություն ամբողջ երկրում և Երևանից սկսյալ: Իսկ մենք դեռ կխոսենք ընտրություններից հետո»,- նշված է Հովհաննիսյանի հայտարարության մեջ: