Մատչելիության հղումներ

Ընտրախախտումների վերաբերյալ դեպքերով հարուցվել են 16 քրեական գործեր. դատախազություն


Գլխավոր դատախազության շենքը Երևանում
Գլխավոր դատախազության շենքը Երևանում

Գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ ընտրախախտումների վերաբերյալ դեպքերով հարուցվել են 16 քրեական գործեր

«Ի լրումն Գլխավոր դատախազության համացանցային կայքում հրապարակված ապրիլի 7-ի հաղորդագրության տեղեկացնում ենք, որ Գլխավոր դատախազության աշխատանքային խումբը մինչ օրս առանձնացրել է զանգվածային լրատվամիջոցներում հրապարակված, թեժ գծով ստացված՝ զուտ իրենց բովանդակային նկարագրությամբ, առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ պարունակող 498 հաղորդումներ և դրանք օպերատիվ կերպով ուղարկվել են Եստիկանության, Քննչական կոմիտեի տարածքային բաժիներ, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն և Հատուկ քննչական ծառայություն՝ օրենքով սահմանված կարգով պատշաճ ստուգելու հանձնարարությամբ», - ասված է հաղորդագրությունում:

Բացի հիշատակված հաղորդումներից, ըստ դատախազության, ստուգման առարկա է դարձել նաև Ոստիկանությունում ստացված նույն բնույթի 309 ահազանգերը:

Վարույթ իրականացնող մարմիններին հանձնարարվել է ձեռնարկել անհետաձգելի քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ նշված հաղորդումների իրական հանգամանքները պարզելու, սեղմ ժամկետում իրավական գնահատական տալու նպատակով:

Դատախազությունը նշում է, որ ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում 16 դեպքերով արդեն հարուցվել են քրեական գործեր՝ 11-ը Քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածի (մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ), 3-ը՝ Քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի (քվեարկության գաղտնիությունը խախտելը), 2-ը՝ Քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերի (լրագրողների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը) հատկանիշներով:

Քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործերով 8 անձի մեղադրանք է առաջադրվել, չորս քրեական գործ ապրիլի 10-ի դրությամբ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններ, մեկ քրեական գործի վարույթը կարճվել է Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով (հանցակազմի բացակայություն):

«Ձեռնարկված օրենքով նախատեսված միջոցների արդյունքում նշված ընդհանուր 807 հաղորդումներից ապրիլի 10-ի դրությամբ 26-ը միացվել են նույն փաստի առթիվ Ոստիկանության տարածքային բաժիններում ստացված ահազանգերի հիման վրա նախապատրաստվող նյութերին, 712-ով դրանցում նշված հանգամանքներն արդեն իսկ հերքվել են, քրեական գործ հարուցելու հիմքեր ձեռք չեն բերվել», - հայտնում է Գլխավոր դատախազությունը՝ նշելով, որ մնացած դեպքերով քննչական, դատավարական գործողությունները, օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG