Մատչելիության հղումներ

Իլհամ Ալիև. «Լապշինի արտահանձնումը Ադրբեջանի դիվանագիտական հաջողությունն էր»


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ

«Մինսկի խումբը պետք է սաստկացնի Երևանի նկատմամբ գործադրվող ճնշումը», - այսօր Բաքվում` կառավարության ընդլայնված նիստի ժամանակ, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունները բազմիցս հայտարարել են ստատուս քվոյի անթույլատրելիության մասին», - ասել է Ալիևը:

Ադրբեջանի նախագահի խոսքով՝ Հայաստանը փորձում է սառեցնել բանակցությունները, «բայց դա նրան չի հաջողվի»:

Դիմելով կառավարության անդամներին` Ադրբեջանի նախագահն այսօր կրկին հիշել է 90-ականների սկզբին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունված չորս բանաձևերի մասին, հայտարարելով, թե դրանք պետք է կյանքի կոչվեն, և հայկական ուժերը պետք է դուրս բերվեն ադրբեջանական տարածքներից:

«Վաղ թե ուշ, միևնույն է, Ադրբեջանը ազատագրելու է գրավյալ տարածքները», - դիմելով նախարարներին՝ հայտարարել է Իլհամ Ալիևը:

Այսօրվա իր ելույթում Ադրբեջանի նախագահն անդրադարձել է նաև փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղում անցկացված սահմանադրական հանրաքվեին` պնդելով, թե այն զուրկ է օրինական ուժից:

«Այդ հանրաքվեն անցկացնելով` Հայաստանը հերթական անգամ խայտառակ եղավ: Հարևան երկրները, Մինսկի խմբի համանախագահ պետությունները, Եվրամիությունը, բազմաթիվ այլ երկրներ` բոլորն էլ դատապարտեցին այդ այսպես կոչված հանրաքվեն և հայտարարեցին, որ չեն ընդունում դրա արդյունքները: Այդպիսով միջազգային հանրությունը մեկ անգամ ևս իր աջակցությունը հայտնեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը», - համոզված է Ալիևը:

Խոսելով հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող շրջանների հետագա ճակատագրի մասին` Ադրբեջանի նախագահը այսօր նաև խոստացել է, որ դրանցում ակտիվ շինարարություն է ծավալվելու «երկրի տարածքային ամբողջականության վերականգնումից անմիջապես հետո»:

Ալիևը մասնավորաբար խոսել է Ֆիզուլիի շրջանում` շփման գծի անմիջական հարևանությամբ գտնվող Ջոջուղ Մարջանլի գյուղում ծավալված աշխատանքների մասին: Հիշեցնենք, Լելե Թեփե բարձունքի` 2016-ի ապրիլին տեղի ունեցած գրավումից հետո ադրբեջանական կողմը ազդարարեց այս գյուղի վերականգնման և վերաբնակեցման ծրագրի մեկնարկը: Ամիսներ առաջ պաշտոնական Բաքուն նույնիսկ կազմակերպեց Ադրբեջանում աշխատող օտարերկրյա դիվանագետների այցը այդ գյուղ:

«Ջոջուղ Մարջանլիում այժմ վերականգնողական աշխատանքներ են ընթանում: Առաջին փուլում մենք 50 տուն, մզկիթ և դպրոց կկառուցենք: Հետագայում տների թիվը կհասնի 150-ի: Այս ամենը վկայում է, որ Ադրբեջանը չի համակերպվի իր տարածքների օկուպացիայի հետ և կվերականգնի այն բոլոր գյուղերն ու քաղաքները, որոնք այժմ գտնվում են հայկական կողմի վերահսկողության ներքո», - հայտարարել է Ալիևը:

Այսօրվա իր ելույթում Ադրբեջանի նախագահը չի շրջանցել նաև բլոգեր Ալեքսանդր Լապշինի` Բելառուսի կողմից արտահանձնման փաստը: Նրա խոսքով՝ Լապշինի շուրջ ծավալված ողջ պատմությունը «պաշտոնական Բաքվի վարած արտաքին քաղաքականության հաջողությունն էր»:

«Համոզված եմ, որ բլոգերի` արտերկրում իրականացված ձերբակալությունն ու հետագա արտահանձնումը դաս կլինեն թե՛ նրա համար և թե՛ այն անձանց, ովքեր խախտում են Ադրբեջանի օրենսդրությունը», - ասել է Իլհամ Ալիևը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG