Մատչելիության հղումներ

«Մենք գտնում ենք, որ սահմանադրական բարեփոխումները քայլ առաջ են մեր պետականաշինության գործում», - այսօր քվեարկությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը։

Նշենք, որ այսօր Լեռնային Ղարաբաղում սահմանադրական հանրաքվե է անցկացվում։

«Այս հանրաքվեով մենք մեկ անգամ ևս մեր հաստատակամությունն ենք ներկայացնում, մեր հավատարմությունն այն արժեքներին, որոնցով առաջնորդվել ենք այս երկար տարիների ընթացքում, և ոչ միայն հույս ունեմ, այլև համոզված եմ, որ այն, ինչ տեղի է ունեցել ազգային ազատագրական պայքարի տարիների շրջանում, մեզ բերել է գերությունից ազատվելու հնարավորություն, մեզ համար ստեղծվել են ավելի նպաստավոր պայմաններ՝ ինքնուրույն մեր ճակատագիրը տնօրինելու, և մենք հաստատուն քայլերով ընթանում ենք դեպի մեր կողմից երազած ապագան», - ասաց ԼՂ նախագահը։

«Ազատության» դիտարկմանը, թե քննադատություններ են հնչում, որ այս հանրաքվեն միջոց է, որպեսզի գործող նախագահը մնա իր պաշտոնում մինչև 2030 թվականը, և հարցին, թե մտադի՞ր է առաջադրել իր թեկնածությունը անցումային փուլի նախագահական ընտրությունների համար, 2020 թվականին, Բակո Սահակյանը պատասխանեց. - «Առիթ ունեցել եմ պատասխանելու այս հարցին՝ այս քայլով մենք հետապնդում ենք լրացուցիչ հնարավորություններ ստեղծել մեր երկրի զարգացման, մեր երկրի զորացման համար, իսկ սահմանադրական բարեփոխումները կոչված են ոչ թե մեկ անձի նպատակները երաշխավորելու, այլ կոչված են իրավական մշակույթի պայմաններում տվյալ երկրի կյանքը կառուցելու, կենսագործունեությունն ապահովելու։ Այսպիսին է եղել մեր նպատակը, բոլոր նրանք, ովքեր այլ կերպ են մեկնաբանում, ոչ միայն ճիշտ չեն, այլև ազնիվ չեն»։

Հարցին, թե նման նպատակ ունի՞, Բակո Սահակյանը պատասխանեց. - «Մենք կենտրոնացել էինք այս շրջանում սահմանադրական բարեփոխումների իրականացման աշխատանքների վրա, և մեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ երբ կգա ժամանակը, որտեղ պարտավոր ենք լինելու խոսելու նաև մեր ապագայի մասին, այդ ժամանակաշրջանում կհայտարարենք մեր որոշումների մասին»։

Ըստ Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արայիկ Հարությունյանի, սահմանադրական փոփոխություններով երկրում ավելի խորը կամրապնդվեն ժողովրդավարության արժեքները։

«Վայրկյան առաջ, երբ որ անձնագիրս ներկայացնում էի քվեարկելու, հիշեցի 88 թվականի փետրվարի 20-ը՝ երազում էիք ունենալ նման անձնագիր և այսօր ունենք։ Այդ անձնագրով վկայություն ենք բերում, որ այսօր ունենք ձևավորված հանրապետություն, ձևավորված երկիր և ամենակարևորը՝ որ այդ երկիրը գնում է սահմանադրական բարեփոխումների՝ նպատակ ունենալով ժողովրդավարության արժեքներն ավելի խորն ամրապնդել մեր երկրում», - ընտրատեղամասից դուրս գալով լրագրողների հետ զրույցում ասաց Արայիկ Հարությունյանը։

«Ազատության» դիտարկմանը, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարում են, որ չեն ընդունում հանրաքվեի արդյունքները որպես Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի վրա ազդող հանգամանք և նաև ընդգծում են, որ հանրաքվեի արդյունքները ոչ մի կերպ չեն կանխորոշում Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը, Ղարաբաղի վարչապետն այսպես արձագանքեց. - «1988 թվականի փետրվարի 20-ին մենք իմանում էինք, որ միջազգային հանրության հետ կապված բարդ պրոբլեմներ ենք ունենալու, խնդիրներ ենք ունենալու, կարևորն այն է, որ մենք այս սահմանադրական փոփոխություններն անում ենք մեզ համար, մեր ժողովրդի համար, որպեսզի կարողանանք կառուցել այնպիսի երկիր, որտեղ ապրելը հաճելի լինի և պատվաբեր»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG