Մատչելիության հղումներ

Հարավային Օսիայի նախագահ ընտրվեց խորհրդարանի խոսնակ Անատոլի Բիբիլովը


Անատոլի Բիբիլովը Ցխինվալիում հանրահավաքի ժամանակ, 9-ը ապրիլի, 2017թ․

Վրաստանից անջատված Հարավային Օսիայի պաշտոնյաները հայտնում են, որ կիրակի օրը անցկացված նախագահական ընտրություններում հաղթել է խորհրդարանի խոսնակ Անատոլի Բիբիլովը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավարը այսօր հայտարարել է, որ քվեների 90 տոկոսի հաշվարկի արդյունքում Բիբիլովն արդեն 58 տոկոս ձայն է ստացել, և դա նշանակում է՝ նա հաղթել է առաջին փուլում, երկրորդ փուլ չի լինի:

Նրա մրցակիցները՝ արդեն նախկին նախագահ Լեոնիդ Տիբիլովը 30 տոկոս է ստացել, իսկ Պետական անվտանգության կոմիտեի աշխատակից Ալան Գագլոևը՝ 11 տոկոս:

Ընտրությունների հետ համատեղ կիրակի օրն անցկացվել է նաև Հարավային Օսիայի անվանափոխության հանրաքվե: Կողմ է քվեարկել 78 տոկոսը, ու Վրաստանից անջատված այդ շրջանը այսուհետ կկոչվի Հարավային Օսիա-Ալանիա Հանրապետություն:

Վրաստանը և Արևմուտքը ընտրություններն ու հանրաքվեն համարում են անօրինական և դատապարտում այն:

Վրաստանի արտգործնախարարության հայտարարությունում ասված է, որ «անվանափոխության հանրաքվեն նպատակ ունի Ռուսաստանի կողմից շրջանը անօրինական բռնազավթելու հող նախապատրաստել»:

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հայտարարությունում նշված է. - «Օկուպացված տարածքներում անցկացված ցանկացած ընտրություններ և հանրաքվեներ անօրինական են և իրավական ուժ չունեն»: Նա նաև համոզմունք է հայտնել, որ վրացիներն ու օսերը ապագայում անպայման կկարողանան հաղթահարել օտարացումը:

Վրաստանի՝ Եվրոպական և Եվրատլանտյան կառույցներում ինտեգրման նախարար Վիկտոր Դոլիձեն ասել է. - «Սա ինչ-որ կրկես է, որը օկուպանտը ցուցադրում է օկուպացված տարածքում»:

Միջազգային հանրությունը, այդ թվում՝ Միացյալ Նահանգները, Եվրամիությունը, հայտարարել են, որ Հարավային Օսիայի անօրինական ընտրություններն ու հանրաքվեն չեն ճանաչում, ու ևս մեկ անգամ իրենց ուժեղ աջակցությունն են հայտնել Վրաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը:

Հարևան Ադրբեջանը ևս հայտարարել է, որ չի ճանաչում Հարավային Օսիայի անկախությունը և համապատասխանաբար՝ չի ընդունում «այսպես կոչված ընտրությունների և հանրաքվեի» արդյունքները:

Քվեարկության նախնական արդյունքները հայտնի դառնալուց հետո Անատոլի Բիբիլովը ռուսական պետական ՏԱՍՍ գործակալությանը ասել է, որ իր ռազմավարական նպատակը Հարավային Օսիայի և Ռուսաստանի միացումն է: «Ամեն դեպքում, մեր բոլոր քայլերը համաձայնեցված կլինեն մեր ռուս գործընկերների հետ, և միայն բանակցությունների ու խորհրդակցությունների ճանապարհով մենք կորոշենք Հարավային Օսիայի ճակատագիրը», - ասել է Բիբիլովը:

Ռուս - վրացական 2008 թվականի կարճատև պատերազմից հետո պաշտոնական Մոսկվան ճանաչեց Վրաստանից անջատված Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը, ինչը միջազգային հանրությունը չի ընդունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG