Հարավային Օսիայի նախագահի ընտրություններում, ըստ նախնական տվյալների, հաղթում է խորհրդարանի խոսնակ Անատոլի Բիբիլովը, ով հավաքել է քվեների 57․98 տոկոսը: Նրա հիմնական մրցակցի՝ Հարավային Օսիայի գործող նախագահ Լեոնիդ Տիբիլովի օգտին է քվեարկել ընտրողների 30 տոկոսը:
Երեկ անցկացված քվեարկությունում ընտրողների ակտիվությունը կազմել է մոտ 50 տոկոս, այդպիսով՝ ընտրությունները համարվում են կայացած:
«Եդինայա Օսետիա» («Միասնական Օսիա») կուսակցությունը, որը գլխավորում է Բիբիլովը, խորհրդարանական մեծամասնություն ունի և բազմիցս քննադատել է երկրի ներկայիս ղեկավարի քաղաքականությունը:
Հարավային Օսիայում միաժամանակ տեղի է ունեցել նաև հանրաքվե, որում ընտրողների 78 տոկոսը կողմ է քվեարկել երկրի անվանումը «Հարավային Օսիա-Ալանիա Հանրապետություն» դարձնելուն: Անվանափոխությանը դեմ է քվեարկել 20 տոկոսը:
Տե՛ս նաև այստեղ