Մատչելիության հղումներ

ԱՄՆ պետքարտուղարը այս շաբաթ բանակցություններ կանցկացնի Մոսկվայում


ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը Բոննում՝ Մեծ քսանյակի գագաթնաժողովի շրջանակում, 16-ը փետրվարի, 2017թ․
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը Բոննում՝ Մեծ քսանյակի գագաթնաժողովի շրջանակում, 16-ը փետրվարի, 2017թ․

Մոսկվայում այս շաբաթ տեղի կունենան Ռուսաստանի և Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների բանակցությունները, որոնց առանցքում կլինի սիրիական ճգնաժամը։

Մոսկվա մեկնելուց առաջ Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ Ռուսաստանը չի կատարում Սիրիայի քիմիական զենքի վերաբերյալ համաձայնագրով ստանձնած պարտավորությունները: Այս հարցը նա մտադիր է քննարկել ապրիլի 12-ին կայանալիք բանակցություններում, ինչի մասին հայտարարել է ABC հեռուստաընկերության եթերում։

«Ես չեմ հասկանում, թե ինչու Ռուսաստանը չի կատարել իր ստանձնած պարտավորությունները։ Ես չեմ ասում, որ Ռուսաստանն է քիմիական զենք օգտագործել Սիրիայի հետ միասին, սակայն ակնհայտ է, որ նրանք կամ ի վիճակի չեն կատարել այն, ինչի պատասխանատվությունը ստանձնել են, կամ էլ սիրիացիները նրանց պարզապես խաբել են», - ասել է Թիլերսոնը և հույս հայտնել, որ մոսկովյան բանակցությունները արդյունավետ կլինեն, և որ Ռուսաստանը կարող է դրական դեր խաղալ Սիրիայում կայունության հաստատման գործում։

Սրա հետ մեկտեղ, ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Նիքի Հեյլին հայտարարել է, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին աջակցելու համար Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը։

ԱՄՆ պետքարտուղարը երկօրյա այցով Մոսկվա կժամանի վաղը: Մինչ այս պահը հայտնի չէ՝ կընդունի՞ արդյոք Թիլերսոնին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը. դա, թերևս, կախված լինի ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ ԱՄն պետքարտուղարի բանակցությունների ընթացքից։

Իսկ մինչ այդ պաշտոնական Մոսկվան ու Թեհրանն են համաձայնեցնում իրենց դիրքորոշումները Սիրիայում և Սիրիայի շուրջ նոր զարգացումների առնչությամբ:

Մասնավորապես, երեկ Ռուսաստանի և Իրանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել: Վլադիմիր Պուտինը և Հասան Ռոհանին անթույլատրելի են համարել Սիրիայի դեմ ԱՄՆ-ի ագրեսիվ գործողությունները և արտահայտվել են Սիրիայի Իդլիբ նահանգի քիմիական հարձակման միջադեպը անաչառ հետաքննելու օգտին, փոխանցում է Կրեմլի մամուլի ծառայությունը՝ նշելով, որ հեռախոսազրույցը կայացել է իրանական կողմի նախաձեռնությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG