Մատչելիության հղումներ

«Ծառուկյան» դաշինքը չի մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին


Գագիկ Ծառուկյանը ԱԺ ընտրություններում քվեարկելուց հետո զրուցում է լրագրողների հետ, 2-ը ապրիլի, 2017թ.
Գագիկ Ծառուկյանը ԱԺ ընտրություններում քվեարկելուց հետո զրուցում է լրագրողների հետ, 2-ը ապրիլի, 2017թ.

«Ծառուկյան» դաշինքը չի մասնակցի Երևանի ավագանու մայիսի 14-ի ընտրություններին։ Այդ մասին ասված է դաշինքի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունում, որը հրապարակել է նրա մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը։

«Սիրելի երևանցիներ, հավատարիմ մնալով միշտ ձեր առջև անկեղծ լինելու իմ խոստմանը՝ տեղեկացնում եմ, որ իմ քաղաքական թիմի հետ քննարկումներից հետո, «Ծառուկյան» դաշինքը որոշում է կայացրել չմասնակցել Երևանի ավագանու ընտրություններին։ Վստահ եմ, որ երևանցիները կընդունեն և կհարգեն իմ կայացրած այս որոշումը», - հայտարարում է Ծառուկյանը։

«Դուք գիտեք, որ որևէ ընտրության մասնակցությունը ինձ համար երբեք ինքնանպատակ չի եղել: Դուք գիտեք, որ իմ կարգախոսն է՝ ասված խոսքը, տրված խոստումը անպայմանորեն պետք է իրականություն դառնա: «Ծառուկյան» դաշինքը կազմավորվել էր ԱԺ ընտրությունների նախաշեմին, և հանրությանը ներկայացել էր գրագետ մշակված ծրագրով և առաջարկությունների փաթեթով։ Ուստի, խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո, այս կարճ ժամանակահատվածում, գործնականում անհնար էր երևանցիների դատին ներկայացնել քաղաքի զարգացման լուրջ, հիմնավոր և պատշաճ ծրագիր», - ասված է հայտարարությունում։ - «Մենք, իհարկե, գիտենք մեր քաղաքի բոլոր խնդիրները՝ վերելակների անմխիթար վիճակ, վթարային շենքերի առկայություն, մայրաքաղաքի արվարձանների բազում խնդիրներ, մշտական պրոբլեմ դարձած աղբահանության խնդիր, անբարեկարգ ճանապարհներ: Հարգելի երևանցիներ, այս և բազմաթիվ այլ լրջագույն պրոբլեմների լուծման համար անհրաժեշտ էր ներկայացնել փաստարկված և հիմնավորված՝ մայրաքաղաքին արժանի ծրագիր: Ցավոք, ժամանակահատվածը չափազանց կարճ էր նման ծրագիր կազմելու և հանրությանը ներկայացնելու համար»:

«Ես հարգում եմ իմ երկիրն ու իմ հայրենակիցներին և երբեք ինձ թույլ չեմ տա առանց լուրջ ծրագրի և դրանց ռեսուրսների հաշվարկման աղբյուրների՝ մասնակցել որևէ ընտրության:
Իմ այս որոշումը կարող է մրցակցային հնարավորություններ ստեղծել այլ ուժերի, նոր թիմերի, նոր անհատների համար՝ իրենց ծրագրերը ներկայացնելու և դրանք իրականացնելու: Վստահ եմ, որ երևանցիները ըմբռնումով կմոտենան իմ այս որոշմանը:
Անկախ մեր կայացրած որոշումից, իմացեք, որ միշտ ձեր կողքին եմ եղել և ձեր կողքին եմ լինելու»,- հայտարարում է Գագիկ Ծառուկյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG