Մատչելիության հղումներ

Լոռու մարզպետը «դրական տեղաշարժ» է խոստանում, ընդդիմությունը թերահավատ է


Արթուր Նալբանդյան, արխիվ
Արթուր Նալբանդյան, արխիվ

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն «Ազատության» հետ զրույցում մարզի սոցիալ-տնտեսական վիճակը ծանր գնահատեց, բայց, միևնույն ժամանակ, վստահեցրեց՝ 36 տոկոս աղքատություն ունեցող մարզում դրական տեղաշարժ լինելու է։

«Սոցիալ-տնտեսական վիճակը, հատկապես Լոռու մարզում, մենք գիտենք, որ ծանր է և, բնականաբար, բոլորիս մոտ հարց էր առաջանում՝ արդյո՞ք ժողովուրդը կվստահի իշխող Հանրապետական կուսակցությանը, թե ոչ։ Բայց մենք փորձեցինք բոլոր համայնքներում լինել, փորձեցինք յուրաքանչյուրի հետ ճիշտ աշխատել, և ես ուզում եմ վստահեցնել, որ ամեն ինչ անելու ենք, որպեսզի օր առաջ մեր մարզում ծառացած բոլոր խնդիրների լուծման ճանապարհը գտնենք»,- ասաց մարզպետը։

Իշխող Հանրապետականը խորհրդարանական ընտրություններում Լոռիում ամենաշատ թվով քվեներ ստացավ՝ ողջ հանրապետությունում ստացած ձայների շուրջ 11 տոկոսը։ Լոռու և Շիրակի մարզերի ընտրողների թիվը գրեթե հավասար էր, սակայն, հանրապետականները, Շիրակի համեմատ, Լոռիում 32 հազարով ավելի ձայն ստացան։

«Բոլորս էլ քաջ գիտակցում ենք, որ այդ ստացած քվեների պատիվը պետք է կարողանանք պահել։ Յուրաքանչյուր պետական պաշտոնյա պետք է կարողանա ավելի ճիշտ աշխատել և ավելի լավ աշխատել, որպեսզի մարդիկ չփոշմանեն իրենց կատարած ընտրության համար»,- շարունակեց Նալբանդյանը:

Ընդդիմությունը, մինչդեռ, շարունակում է կասկածի տակ առնել ընտրությունների օրինականությունը՝ պնդելով, որ մեծ չափերի հասնող ընտրակաշառքը որոշիչ դեր ունեցավ արդյունքների վրա։ Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Քրիստ Մարուքյանն ասում է. «Նախկին փորձերից արդեն դասեր էին քաղել, տեսել էին, որ արդեն մարդիկ կարողանում են գումար վերցնել և չընտրել իրենց։ Էս անգամ բոլոր հնարավոր և անհնար միջոցներով վերահսկողություն տեղի ունեցավ՝ ցանկացած ճանապարհով մարդկանց վրա ներազդելու»։ Մարզի ղեկավարը հակադարձում ու վստահեցնում է՝ «Գարնան գալու հետ որոշակի աշխուժություն կմտնի Վանաձորում և բնակիչները կզգան»։

Վանաձորի քիմիական գործարանը վերագործարկելու բազմաթիվ խոստումներից, նույնիսկ մի քանի անգամ կարմիր ժապավեն կտրելուց հետո իշխանության ներկայացուցիչները խոստովանում են՝ Վանաձորը, որպես խորհրդային տարիների արդյունաբերական հսկա, այլևս իրեն չի արդարացնի։ Հարկավոր է գտնել տնտեսությունը զարգացնելու այլ ուղղություններ։ Մարզպետարանում մարզի զարգացման 10-ամյա ռազմավարության ծրագիր են կազմել, թեթև արդյունաբերությունն ու տուրիզմը որպես գերակա ճյուղեր նշել ու եզրակացրել, որ 10 տարի անց մարզում հնարավոր կլինի աղքատությունը կրճատել 10-15 տոկոսով։ «Սա հեռանկար է, որ սարերի հետևում չէ։ Մոտ ապագայում մենք դրա արդյունքները կտեսնենք»։

Սակայն, ներդրումների մասին մարզի ու մարզկենտրոնի իշխանությունների ներկայացուցիչների հավաստիացումները քաղաքացիներին գոնե առայժմ չեն գոհացնում, «աշխատատեղեր են պետք»,- «Ազատության» հետ զրույցում ասաց մարզի բնակիչներից մեկը:

Տնտեսական աճը հիմնականում հանքարդյունաբերության հաշվին ապահովող այս մարզում հատկապես վերջին տարիներին արձանագրված ցուցանիշները խոստումնալից չեն։ Միջազգային շուկայում պղնձի գների անկման հետևանքով մարզի խոշոր հանքարդյունաբերողներն աշխատատեղերի կրճատումներ արեցին։ Մարզպետ Արթուր Նալբանդյանն ասում է.

«Ի ուրախություն բոլորիս, մետաղի գները ոնց որ թե կայունանում են, բարձրանում են։ Մետաղի գների անկումից հետո, երբ որ Սագամարը, Ախթալան, Թեղուտ ՓԲԸ-ն որոշ խնդիրներ ունեցան և կրճատումներ արեցին իրենց ձեռնարկություններում, այս պահի դրությամբ՝ նորից մարդկանց փորձում են ընդգրկել աշխատանքի մեջ: Ծավալներն են մեծացրել, և ես համոզված եմ, որ մինչև տարեվերջ եթե էսպես շարունակվի, հանքարդյունաբերության ոլորտում մենք տեսանելի աճ կարձանագրենք»։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Քրիստ Մարուքյանը, մինչդեռ, թերահավատ է․ «Մեզ պետք չէ լսել, ասենք, 200 միլիոնանոց ներդրումների մասին: Մեզ պետք է իմանալ, որ այսօր այս 10 հազար դրամը կամ այս 60 հազար դրամը ծախսվում է այսինչ նպատակով, և դա շատ ավելի լավ է ծախսվում, քան ծախսվել էր նախորդ տարի։ Այսինքն, էդ մինիմալ ամենափոքր քայլերից պետք է երևա՝ կա՞ էդ կամքը, կա՞ էդ մոտեցումը, բան փոխելո՞ւ, թե՞ ոչ»։

Լոռու մարզպետը «դրական տեղաշարժ» է խոստանում, ընդդիմությունը թերահավատ է
please wait

No media source currently available

0:00 0:04:13 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG