Մատչելիության հղումներ

Հայաստանը նշում է Մայրության, գեղեցկության և սիրո տոնը, Հայ Առաքելական եկեղեցին՝ Ավետման տոնը


Armenia - International Women's Day in Yerevan,08Mar,2014
Armenia - International Women's Day in Yerevan,08Mar,2014

Հայաստանը այսօր նշում է Մայրության, գեղեցկության և սիրո տոնը, Հայ Առաքելական եկեղեցին՝ Սուրբ Աստվածածնի Ավետման տոնը:

Տոնի կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանի հղած շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է․ - «Սիրելի՛ կանայք շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ: Մաղթում եմ ձեզ երջանկություն և ամենայն բարիք: Մաղթում եմ բոլորիդ, որ այս գեղեցիկ տոնը միշտ դիմավորեք բարձր տրամադրությամբ: Մենք՝ որպես պետություն և հասարակություն, մտնում ենք փոփոխությունների և զարգացման կարևորագույն փուլ, և այս գործընթացներում առանձնակի մեծ է լինելու ձեր դերակատարությունը:Բազմադարյա Հայաստանը ամուր է եղել նաև ձեզնով, իսկ այսօր՝ նորացող մեր հայրենիքը ուժեղ և առաջադեմ է առավելապես ձեզնով: Ամուր և ավանդական ընտանիքը առհավատչյան է մեր ժողովրդի հարատևության, և այդ հավերժության պատվարը դարձյալ դուք եք»:

«Այսօր առանձնահատուկ շնորհավորում եմ այն մայրերին, որոնց որդիները հսկում և անառիկ են պահում մեր երկրի սահմանները, նաև գլուխ եմ խոնարհում այն մայրերի առջև, որոնց որդիներն անմահացան», - գրել է Սերժ Սարգսյանը իր ուղերձում, որը հրապարակել է Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Ավետման տոնի առթիվ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է․ - «Համայն հայության նվիրական սրբավայր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Սուրբ Աստվածածնի Ավետման տոնի առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում մեր ժողովրդին և մեր բարեմաղթանքները՝ մայրության բերկրանքին սպասող կանանց, բոլոր մայրերին և օրիորդներին: Սիրելիներ, այսօր մեր Սուրբ Եկեղեցու խորաններից Տիրամոր բարեխոսությամբ օրհնություն է բաշխվում բոլոր հավատացյալներին, օրհնվում են մայրության բերկրանքին սպասող կանայք և փոխանցվում է Սուրբ Ավետման հրեշտակաձայն հորդորը՝ ուրախ լինելու, քանզի Տերը ձեզ հետ է (հմմտ. Ղուկաս Ա 28): Դարեր շարունակ այս լուսաբեր ավետիսով քաջալերվել և զորացել է քրիստոնյա մեր ժողովուրդը, իսկ մեր մայրերն ու քույրերը օրինակ ունենալով Սուրբ Մարիամ Աստվածածնի կատարյալ մոր տիպարը՝ իրենց զավակներին կրթել և դաստիարակել են հավատով, առ հայրենին սիրով ու նվիրումով և անփոխարինելի իրենց նպաստը բերել ազգային-եկեղեցական ու հասարակական մեր կյանքին»:

«Մեր աղոթքն ու մաղթանքն է, որ Ավետման այս նվիրական տոնի խորհրդով զորացած՝ տիկնայք, մայրերն ու օրիորդները շարունակեն արդյունավորել իրենց նվիրական ջանքերը՝ հանուն մեր երկրի առաջընթացի, մեր ժողովրդի բարօրության, իրենց ընտանիքների ամրության և երջանկության: Թող Տիրոջ Ամենախնամ Աջի հովանու ներքո բոլոր մայրերը ուրախ սրտով գրկեն իրենց մանուկներին և մեծացնեն խաղաղության ու ապահովության մեջ», - Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ իր ուղերձում գրել է Վեհափառը:

Տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ են հղել Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, վարչապետ Կարեն Կարապետյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, հասարակական-քաղաքական գործիչներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG