Մատչելիության հղումներ

Ուսման վարձի լրացուցիչ զեղչի հավաստագրեր` ապրիլյան պատերազմի օրերին մարտական հերթապահություն իրականացրած ուսանողներին


ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանի ուղեկցությամբ ապրիլի 5-ին այցելել է Հայաստանի ազգային ագրարային համալսարան, ուսման վարձի լրացուցիչ զեղչի հավաստագրեր է հանձնել ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ մարտական հերթապահություն իրականացրած ուսանողներին:

ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն, ուսման վարձի փոխհատուցման ծրագիրն իրականացնում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ` ՀՀ կառավարության և ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ։

Ուսանողների հետ հանդիպմանը Վիգեն Սարգսյանը նշել է, որ ապրիլյան մարտական գործողություններից հետո լայնորեն քննարկվել է մարտական հերթապահության մեջ ընդգրկված և մարտական գործողություններին մասնակցած ուսանողներին տրամադրվող ուսման վարձի փոխհատուցումների տարբերության հարցը:

«Մենք անհրաժեշտ համարեցինք անհատական արձագանքել բոլոր դեպքերին: ՀՀ զինկոմիսարիատների և պաշտպանության նախարարությունում գործող «Թեժ գիծ» ծառայության միջոցով ստացվել է ավելի քան 500 զանգ: Յուրաքանչյուր դեպք ուսումնասիրելուց հետո ընդամենը 5 զինվորական գր քույկում է հայտնաբերվել անճշտություն»,- ասել է նախարարը և շեշտել, որ անկախ զինվորական գրքույկում ամրագրված կարգավիճակից, ապրիլյան օրերին մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում ծառայած ուսանողները կունենան նույն հնարավորությունները, ինչ մարտական գործողություններին մասնակցած ուսանողները:

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը ևս կարևորելով ծրագիրը, շեշտել է, որ ծրագրի արդյունքները կերևան առաջիկա տարիների ընթացքում:

«Մարդիկ, որոնք զենքը ձեռքին կատարել են իրենց պարտքը հայրենիքի հանդեպ և այժմ վերադարձել են ուսանողական նստարանին, պետք է շարունակեն իրենց առաքելությունը։ Պաշտպանության նախարարը մի մեծ գաղափար է շրջանառության մեջ դրել՝ մեկ ազգ, մեկ բանակ։ Դա խորը գաղափար է, և մենք իրավունք չունենք այն թողնել միայն ձևի մեջ, այն պետք է հարստացվի նաև բովանդակությամբ։ Բոլորը պետք է իմանան, որ մեր խաղաղության տեսակը միայն հաղթական է լինելու»,- ասել է Լևոն Մկրտչյանը:

Հանդիպման ավարտին ՀՀ պաշտպանության նախարարը պատասխանել է նաև ուսանողների հարցերին:

ՀՀ պաշտպանության նախարարության և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համատեղ ծրագրի շրջանակներում 2016 թ. ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ մարտական հերթապահության մեջ ընդգրկված և արդեն զորացրված մոտ 450 զինծառայողներ, ովքեր բուհերի կողմից ստանում են ուսման վարձի 30 տոկոս զեղչ, կտրամադրվի լրացուցիչ 20 տոկոս զեղչ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG