Մատչելիության հղումներ

Կառավարությունը գնում է պետբյուջեով նախատեսված կապիտալ ծախսերը 50 միլիարդով ավելացնելու քայլին. Վարդան Արամյան


Այսօր տեղի ունեցած կառավարության նիստում նախքան օրակարգային հարցերի քննարկումը գործադիրի ղեկավարը հանդես է եկել աշխատանքային արտակարգ ռեժիմի անցնելու վերաբերյալ հայտարարությամբ:

«Անցել են ընտրությունները շատ ավելի հանդուրժողական մթնոլորտում: Մեր թիմը ստացել է մեր երկրում փոփոխություններ անելու քվե: Իմ հորդորը մեր բոլոր թիմակիցներին հետևյալն է՝ աշխատանքային ռեժիմի, համապատասխան ջանքերի, պատասխանատվության և բոլոր գործողությունների մասով հայտարարում ենք արտակարգ իրավիճակ: Ուրախացնում եմ ձեզ, որ մեր ռեժիմն ավելի է ծանրանում», - ասել է վարչապետը։

Այնուհետև գործադիրի ղեկավարը հանձնարարականներ է տվել գերատեսչությունների ղեկավարներին, ապա խոսքը փոխանցել ֆինանսների նախարար Վարդան Արամյանին:

Ֆինանսների նախարարն անդրադարձել է տնտեսական զարգացումներին և նշել, որ կառավարությունը գնում է պետբյուջեով նախատեսված կապիտալ ծախսերը 50 միլիարդ դրամով ավելացնելու քայլին:

«Անցած տարի, երբ ներկայացնում էինք 2017 թվականի պետական բյուջեն և Ազգային ժողովում, և հանրության հետ հաղորդակցվելիս բազմիցս նշեցինք, որ 2017-ի բյուջեով նախատեսվող կապիտալ ծախսերը, բնականաբար, մեզ համար բարձր հավակնություն չեն: Եվ եթե տնտեսական իրավիճակն ավելի լավ լինի, քան ակնկալում ենք, և մեր ջանքերի արդյունքում հարկահավաքումը շատ ավելի բարձր լինի քան դրված է 2017-ի բյուջեում, հավաքագրված լրացուցիչ միջոցները կվերաուղղենք կապիտալ ծախսերին: Ինչո՞ւ, որովհետև 3.2 տոկոս տնտեսական աճը, մի քանի անգամ նշվել է, որ դա մեր թիմի ամբիցիան չէ, մեր թիմի ամբիցիան շատ ավելի բարձր տնտեսական աճն է: Մենք միջնաժամկետում հավակնում ենք ունենալ շատ ավելի բարձր տնտեսական աճի ցուցանիշներ», - ասել է նախարարը՝ շարունակելով. - «Դրա համար շատ կարևոր է, որ լրացուցիչ միջոցները մենք վերաուղղենք հատկապես կապիտալ ծախսերին: Մենք փոխվարչապետի մոտ մի քանի փուլով և միջազգային դոնոր կազմակերպությունների հետ, և մեր գործընկերների հետ քննարկումներ ենք ունեցել, որպեսզի նախապատվություն տանք արտաքին ֆինանսավորմամբ այն ծրագրերին, որոնք կապիտալ բնույթի են և կարող են ունենալ արագ տնտեսական էֆեկտ: Այդ վարժությունն ավարտված է. շուրջ 98-ի միլիոն դոլարի չափով մենք առանձնացրել ենք այն ծրագրերը, որոնք կարելի է այս տարի իրականացնել, սակայն պետք է հաշվի առնել նաև մի երևույթ, որ երբ 98 միլիոն դոլար մենք արտաքին ֆինանսական կազմակերպություններից վերցնում և ծախս ենք կատարում, դա որոշակիորեն ազդում է նաև պարտքի և դեֆիցիտի ցուցանիշի վրա: Մյուս կողմից, քանի որ ասել ենք, որ պարտքի ցուցանիշը միջնաժամկետում կայունացնելը մեզ համար առաջնահերթություն է, կարևոր է, որպեսզի կարողանանք արդյունավետ այդ նպատակին հասնենք»:

Նախարարը նաև նշել է, որ 1 տրիլիոն 135 միլիարդ դրամի ադեկվատ ծրագիրը գերակատարել են, որը դրված էր եռամսյակային կատարման համար, այսինքն՝ գերակատարել են ծրագիրը 11.5 միլիարդ դրամով:

«Սա նշանակում է, որ եթե այդ վարքագիծը մենք կարողանանք պահպանել, իսկ կարծում ենք, որ մեր ՊԵԿ-ի գործընկերները բավականին ագրեսիվ են, որպեսզի բարեփոխումներն իրականացվեն հարկայինն ու մաքսային վարչարարության ոլորտում, մեզ համար հասանելի կլինի շատ ավելի բարձր ցուցանիշ: Տարվա համար շուրջ 50 միլիարդով մենք կարող ենք բարձրացնել հարկային եկամուտները և միևնույն ժամանակ այդքան էլ կատարենք կապիտալ ծախսեր, որպեսզի 2018 թվականին կարողանանք շատ ավելի բարձր թիրախավորել տնտեսական աճի ցուցանիշը: Իհարկե, այստեղ պետք է հաշվի առնել նաև որոշակի ռիսկեր. մենք ընդունում ենք, որ շատ բարձր ցուցանիշ ենք սահմանում ՊԵԿ-ի մեր գործընկերի համար և ամեն ինչ կանենք, որպեսզի այն բարեփոխումները, որը Դուք հանձնարարել եք և որը ՊԵԿ-ի մեր գործընկերները իրականացնելու են, նաև ֆինանսների նախարարությունը կփորձի օժանդակել, որպեսզի շատ արագ դա կյանքի կոչվի», - ասել է Արամյանը։

«Եթե տարվա համար նախագծված հարկերի ծրագիրը շուրջ 50 միլիարդի չափով ավելացնում ենք և դրա արդյունքում 1 տրիլիոն 187 միլիարդի կատարման մասով մենք ունենանք դժվարություններ, բնականաբար, մենք ընթացքում ճշգրտում կանենք ծախսերի ցուցանիշում, որպեսզի պարտքի ցուցանիշը մեզ մոտ գերաճ չլինի և միևնույն ժամանակ մենք չունենանք ավելի բարձր պակասուրդ: Այդ պարագայում, պարոն վարչապետ, ես կխնդրեմ Ձեր հանձնարարականը բոլոր գերատեսչություններին, որոնք մասնակցել են փոխվարչապետի մոտ քննարկումներին, որպեսզի մեկշաբաթյա ընթացքում շատ արագ ներկայացնեն բյուջետային հայտերը, որովհետև այս կապիտալ ծախսերն անելու համար անհրաժեշտ է իրավական հիմք և այդ իրավական հիմքը դա փոփոխություն է 1313-Ն որոշման մեջ: Ֆինանսների նախարարությունը Ձեր հանձնարարությամբ ամբողջությամբ դրանք կամփոփի՝ փոփոխություն մտցնելով 2017թ. բյուջեում, որն էլ մի կողմից թույլ կտա, որպեսզի այդ կապիտալ ծախսերը 2017թ. արդեն մեկնարկեն, իսկ մյուս կողմից՝ բյուջեն կբալանսավորենք», - հավելել ֆինանսների նախարարը:

Վարչապետն իր հերթին նշել է. - «Նախ՝ ՊԵԿ-ի աշխատանքի առաջին եռամսյակը լավ ենք գնահատում, ինչը մեզ իրավունք է տվել նման գործողությունների գնալ: Երկրորդ՝ մենք այս քայլին գիտակցաբար գնում էինք և հատուկ ընտրություններին հաջորդող կառավարության նիստին ենք ասում, որպեսզի որևիցե մեկը մեզ չմեղադրի, որ մենք պոպուլիզմով ենք զբաղվում: Այս լուծումը մեզ մոտ նախապատրաստված էր մինչև ընտրություններ: Երրորդ՝ մենք շատ լավ գիտակցում ենք, որ ՊԵԿ-ի առջև բավականին ծանր խնդիր ենք դնում: Սա ընդհանրապես աննախադեպ է: Պլանը գերակատարելու պարագայում մենք պլանը փոխում ենք: Չորրորդ՝ մենք սպասում ենք ՊԵԿ-ից 2-րդ փուլի բարեփոխումների ծրագիրը և ամեն ինչով աջակցելու ենք: Հինգերորդ՝ մենք շատ լավ գիտակցում ենք, թե ինչ խնդիր ենք դրել և տարվա վերջ, գնահատական տալուց հաշվի ենք առնելու բոլոր այս փոփոխությունները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG