Այս տարվա առաջին եռամսյակում Պետական եկամուտների կոմիտեի կողմից ապահովվել են 255 մլրդ դրամ հարկային եկամուտներ, որից 196 մլրդ դրամը՝ հարկային մարմնի կողմից, իսկ 59 մլրդ դրամը` մաքսային:
2016թ. նույն ժամանակաշրջանի համեմատ պետական բյուջեի եկամուտներն ավելացել են 24.3 մլրդ դրամով կամ 10.5 տոկոսով: Հարկային մասով աճը կազմել է 20.3 մլրդ դրամ կամ 11.6 տոկոս, իսկ մաքսային մասով` 4 մլրդ դրամ կամ 7.3 տոկոս:
ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրությունում նշվում է, որ մուտքերի աճը հիմնականում պայմանավորվել է ստվերի վերհանման և կանխարգելման նպատակով հարկ վճարողների գործունեության անհատական վերլուծության համակարգերի ներդրմամբ:
Խոշոր հարկ վճարողների հարկային մուտքերը 2016թ.-ի հունվար-մարտ ամիսների՝ 100,6 մլրդ դրամի համեմատ ավելացել են 13,9 մլրդ դրամով՝ 2017թ.-ին կազմելով 114,5 մլրդ դրամ, այսինքն՝ աճը կազմել է 13,8 տոկոս: ՀՀ հարկային մուտքերում Խոշոր հարկ վճարողների ՀՏ կողմից հավաքագրված հարկային եկամուտները 2016թ.-ի հունվար-մարտ ամիսներին կազմել են 59,5 տոկոս, իսկ 2017թ.-ին՝ 60,6 տոկոս: