Մատչելիության հղումներ

ԿԸՀ-ն պարզաբանում է տարածել «Ազատության» հրապարակման կապակցությամբ


ՀՀ ԿԸՀ նիստ, արխիվ
ՀՀ ԿԸՀ նիստ, արխիվ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) այսօր պարզաբանում է տարածել «Ազատության» «Քաղաքացիական նախաձեռնությունը ուրիշի փոխարեն քվեարկության հարյուրավոր դեպքեր է վերհանել» հրապարակման կապակցությամբ:

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարզաբանում է, որ ՀՀ ընտրական օրենսգրքի 73-րդ հոդվածի 3.1-րդ մասի համաձայն` ընտրողների սկանավորված ցուցակները սահմանված ժամկետներում հրապարակվել են: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ կայքի աշխատանքը, գերծանրաբեռնվածությամբ պայմանավորված, առաջացնում էր ստորագրված ցուցակների ներբեռնման դժվարություններ, ցուցակները հրապարակվեցին նաև այլընտրանքային տարբերակով, և 04.04.2017թ. ժամը 18.00-18.30-ի սահմաններում ընդհանրապես որևէ խնդիր առկա չէր: Նշվածի կապակցությամբ կենտրոնական ընտրական հանձնաժողովը տարածեց նաև հաղորդագրություն», - ասված է հաղորդագրությունում: - «Այլ անձի փոխարեն քվեարկելու մասին դիմումն իրավասու անձը ներկայացնում է համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով քվեարկության հաջորդ օրը ժամը 12.00-ից մինչև քվեարկության օրվանից հետո երրորդ օրը` ժամը 11.00-ն: Ժամկետը լրանում էր 05.04.2017թ-ի ժամը 12-ին: Այս պահի դրությամբ, երբ սահմանված ժամկետից անցել է ավելի քան 12 ժամ, այլ անձի փոխարեն քվեարկելու մասին դիմումներ տարածքային ընտրական հանձնաժողովներ չեն ներկայացվել»:

Հայաստանից բացակայող քաղաքացի Շուշան Դավթյանի փոխարեն թիվ 1/07 ընտրական տեղամասում կատարված քվեարկության դեպքի առնչությամբ էլ ԿԸՀ-ն պարզաբանում է, որ թիվ 1 տարածքային ընտրական հանձնաժողովին այդ մասին իրազեկել են հեռախոսազանգով երեկոյան ժամը 18-ի սահմաններում, և ահազանգից անմիջապես հետո տեղի է ունեցել ուսումնասիրություն: «Պարզվել է՝ քաղաքացի Դավթյան Շուշան Դավթի հանդիսանում է թիվ 1/07 տեղամասի ընտրող և ընդգրկված է ընտրողների ցուցակում թիվ 883 համարի տակ, նրա անվան դիմաց առկա է ստորագրություն: Տեխնիկական սարքավորման միջոցով տպված տեղեկանքից պարզվում է, որ այդ տեղամասում 883-րդ համարում հաշվառված ընտրող Շուշան Դավթյանը տեխնիկական սարքավորմամբ չի գրանցվել, այդ տեղամասում տեխնիկական սարքավորման միջոցով գրանցվել է թիվ 884-րդ համարում հաշվառված ընտրող Ալիտա Ավագյանը․ ըստ տեխնիկական սարքավորումներից դուրս բերված տվյալների ընտրող Ալիտա Ավագյանը գրանցվել է ժամը 16:11:42: Տարածքային ընտրական հանձնաժողովը երեկ երեկոյան այցելել է Ալիտա Ավագյանի բնակարան: Քաղաքացին տանը չի եղել, սակայն ընտանիքի անդամները ներկայացրել են նրա երեխայի օրագիրը, որում ծնողի ստորագրություն մասում նշված է Ալիտա Ավագյանի ստորագրությունը, որը համընկնում է այն ստորագրության հետ, որ դրված է 883-րդ համարի ընտրողի դիմաց», - փոխանցում է ԿԸՀ-ն՝ եզրակացնելով․ - «Նշվածից ակնհայտ է, որ այլ անձի փոխարեն քվեարկության դեպք ընդհանրապես առկա չէ, այլ ստորագրելիս տեղի է ունեցել շփոթմունք և թիվ 884-րդ համարում ընդգրկված ընտրող Ալիտա Սարգսյանը ընդամենը ստորագրել է 883-րդ համարում ընդգրկված ընտող Շուշան Դավթյանի անվան դիմաց»:

ԿԸՀ-ն իր հաղորդագրությունում ներառել է նաև համապատասխան լուսանկարները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG