Մատչելիության հղումներ

«Հայփոստ»-ը կթողարկի նոր նամականիշ՝ «Ավրորա»-ի առաջին դափնեկրի պատկերով


Հայաստան - Ռուբեն Վարդանյանը և Ջորջ Քլունին Մարգարիտ Բարանկիցեին են հանձնում «Ավրորա» մրցանակը, 24-ը ապրիլի, 2016թ․
Հայաստան - Ռուբեն Վարդանյանը և Ջորջ Քլունին Մարգարիտ Բարանկիցեին են հանձնում «Ավրորա» մրցանակը, 24-ը ապրիլի, 2016թ․

«Հայփոստ» ազգային փոստային օպերատորը «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հետ համագործակցությամբ մայիսին կթողարկի նոր միջազգային նամականիշ, որին պատկերված է լինելու «Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն:

IDeA հիմնադրամի հաղորդագրության համաձայն՝ նամականիշի թողարկման հավանությունը տվել է Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը: Նամականիշի թողարկումը և մարումը տեղի կունենա 2017 թվականի «Ավրորա» մրցանակի միջոցառումների շրջանակում:

Փոստային նամականիշի հետ մեկտեղ «Հայփոստ»-ը թողարկելու է 150 դրամ արժողությամբ նվիրատվության կտրոններ, որոնց վաճառքից գոյացած հասույթը կուղղվի «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության միջոցով իրականացվող նախագծերին:

«Մենք հիմնադրել ենք «Ավրորա» նախաձեռնությունը՝ ի երախտագիտություն հատկապես նրանց, ովքեր վտանգի էին ենթարկում իրենց՝ փրկելու Հայոց ցեղասպանությունը վերապրածներին: Եվ մենք ուզում ենք երախտագիտություն արտահայտել՝ շարունակելով բարին գործել, աջակցելով մերօրյա հերոսներին, որպեսզի նրանք նույնպես կարողանան ձեռք մեկնել և հուսադրել մարդասիրական օգնության խիստ կարիք ունեցողներին: <...> «Ավրորա»-ի յուրաքանչյուր նախագիծ՝ ներառյալ Մեգիի նամականիշը և նվիրատվության կտրոնը, հնարավորություն է տալիս ընդլայնել «Ավրորա»-ի համայնքը՝ երախտագիտություն հայտնելով և շարունակելով նվիրատվության շղթան», - ասել է «Ավրորա» նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:

«Հայփոստ»-ը խիստ կարևորում է իր այն բացառիկ դերը, որն ունի հայկական մշակույթի, պատմության և աշխարհի կարևոր ուղերձների տարածման գործում՝ նամականիշների կիրառմամբ: Պատկերելով «Ավրորա»-ի Մեգիին հայկական փոստային նամականիշի վրա՝ մենք յուրահատուկ կերպով աշխարհին պատմում ենք, որ հայերը ընդունում են մարդկայնության համընդհանուր արժեքները: Նամականիշն այդ գաղափարը տարածում է աշխարհով մեկ», - նշել է «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ԲՎ գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը:

Մարգարիտ Բարանկիցեն, ով Maison Shalom խնամքի տան և REMA հիվանդանոցի հիմնադիրն է, «Ավրորա» մրցանակի է արժանացել այն բացառիկ ազդեցության համար, որ ունեցել է Բուրունդիում քաղաքացիական պատերազմի տարիներին: Նա փրկել է 30 հազար երեխայի՝ նրանց տալով օթևան և խնամք:

«Ինձ համար մեծ պատիվ է այսպիսի ճանաչման արժանանալ, բայց նաև ոգևորիչ է գիտակցել, որ սերը միշտ հաղթելու է ատելությանը և չարիքին: Ես հավատում եմ, որ այս նամականիշը կնպաստի «Ավրորա» մրցանակի առաքելության տարածմանը՝ ճանաչման արժանացնելով այն կանանց ու տղամարդկանց, ովքեր բացառիկ ազդեցություն են ունեցել մարդասիրական խնդիրների լուծման համար», - ասել է Մարգարիտ Բարանկիցեն:

Փոստային նամականիշն ունի 350 դրամ անվանական արժեք: Նամականիշի ձևավորողը Ալլա Մինգալյովան է՝ «Ավրորա» նախաձեռնությունից: Նամականիշը թողարկվելու է 40 հազար օրինակով:

Նամականիշի մարման արարողությունը տեղի է ունենալու մայիսին՝ Մարգարիտ Բարանկիցեի ներկայությամբ, որը Երևան կժամանի՝ մասնակցելու 2017-ի «Ավրորա» մրցանակի միջոցառումներին:

«Ավրորա» մրցանակի հավակնորդների անունները կհայտարարվեն ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի օրը: Հավակնորդներից մեկը մայիսի 28-ին Երևանում կճանաչվի 2017-ի «Ավրորա» մրցանակի դափնեկիր: Ապրիլի 24-ից մայիսի 28-ն ընկած ժամանակահատվածում «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն աշխարհով մեկ կկազմակերպի մի շարք միջոցառումներ՝ ներկայացնելով մրցանակի այս տարվա հավակնորդների ոգեշնչող պատմությունները, ինչպես նաև մարդասիրական գործունեությունն աշխարհում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG