Մատչելիության հղումներ

Ընտրություններին լրագրողների աշխատանքը խոչընդոտելու վերաբերյալ հրապարակումները օպերատիվ մշտադիտարկման առարկա են. դատախազություն


Գլխավոր դատախազության շենքը Երևանում
Գլխավոր դատախազության շենքը Երևանում

Ազգային ժողովի ապրիլի 2-ի ընտրությունների նախապատրաստման և անցկացման ողջ ժամանակահատվածում Գլխավոր դատախազության աշխատանքային խմբի առանձնահատուկ մշտադիտարկման առարկա են հանդիսացել և հանդիսանում լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ հրապարակումները, ասված է դատախազության հաղորդագրությունում:

Ըստ դատախազության, ապրիլի 3-ին a1plus.am կայքում հրապարակվել է «Լրագրողներին խոչընդոտելու և բռնություն կիրառելու դեպքերի վերաբերյալ հայտարարություն» վերտառությամբ հոդվածը, որում նկարագրվել են նման բնույթի 10 դեպքեր:

Հրապարակված դեպքերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ դրանցից 5-ի՝ «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Սիսակ Գաբրիելյանի, Araratnews.am կայքի թղթակից Շողիկ Գալստյանի, Newsbook.am լրատվական կայքի թղթակից Արմինե Ավետիսյանի, «Հետք»-ի թղթակից Գրիշա Բալասանյանի և Գյումրու թիվ 32/31 ընտրական տեղամասում Armtimes.com լրատվական կայքի թղթակից Նարեկ Կիրակոսյանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու, վերջիններիս նկատմամբ ճնշումներ գործադրելու դեպքերի վերաբերյալ հրապարակումները Գլխավոր դատախազության աշխատանքային խմբի մշտադիտարկման արդյունքում դեռևս ապրիլի 2-ին ուղարկվել են Ոստիկանության տարածքային բաժիններ՝ դատավարական գործողություններ կատարելու հանձնարարությամբ:

Առաջին երկու դեպքերով արդեն իսկ հարուցվել են քրեական գործեր՝ Քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով, որոնց նախաքննությունը հանձնարարվել է Հատուկ քննչական ծառայությանը: Մյուսներով՝ ստուգման գործողությունները դեռևս շարունակվում են: Ինչ վերաբերում է թիվ 9/29 ընտրական տեղամասում Armtimes.com լրատվական կայքի լրագրող Տիրայր Մուրադյանի, Սարի թաղի թիվ 10/3 ընտրական տեղամասում Newsbook.am լրատվական կայքի թղթակից Քրիստինե Պողոսյանի, Արարատի մարզի Շահումյան գյուղի թիվ 12/35 ընտրական տեղամասում Tert.am լրատվական կայքի թղթակից Անի Գևորգյանի, Ճամբարակի թիվ 20/24 ընտրական տեղամասում «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Նարինե Ղալեչյանի և թիվ 6/01 ընտրական տեղամասում News.am լրատվական կայքի թղթակից Լուսինե Շահբազյանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ հրապարակումներին, ապա դրանք ևս ապրիլի 4-ին ուղարկվել են Ոստիկանության տարածքային բաժիններ:

Գլխավոր դատախազությունը հորդորում է զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու այլ դեպքերի վերաբերյալ տեղեկությունների տիրապետող անձանց՝ այդպիսիք տրամադրել իրավապահ մարմիններին, և վստահեցնում, որ դրանցով իրականացվում է լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն, ձեռնարկվում են օրենքով նախատեսված բոլոր միջոցները դեպքի իրական հանգամանքները պարզելու, իրավական գնահատականի արժանացնելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG