Մատչելիության հղումներ

Դաշինքը պահանջում է մեկ բազայում միավորել ապրիլի 2-ին տեղամասերում հատուկ սարքերով ձեռք բերված մատնահետքերը:

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» (ՕՐՕ) դաշինքը դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ)՝ պահանջելով մեկ ընդհանուր բազայում միավորել ապրիլի 2-ին տեղամասերում հատուկ սարքերով ձեռք բերված մատնահետքերը, իսկ այնուհետև ԵԱՀԿ դիտորդական առաքելության և իրենց մասնագետների անմիջական մասնակցությամբ ստուգել՝ արդյո՞ք կան մատնահետքերի համընկնումներ:

Ինչպես «Ազատության»-ը փոխանցեց դաշինքի անդամ Անդրանիկ Գրիգորյանը, իրենք լուրջ կասկածներ ունեն, որ նույն անձի՝ տարբեր անձնագրերով տարբեր տեղամասերում կրկնաքվեարկության բազմաթիվ դեպքեր են եղել, իսկ էլեկտրոնային սարքերը կեղծիքը չեն արձանագրել, քանի որ մատնահետքերով նույնականացումը մեկ ընդհանուր բազայում չի արվել, տեղամասերը սարքերի միջոցով միմյանց կապված չեն եղել։

«Մեկուկես միլիոն ընտրողների փաստը չի համապատասխանում իրականության հետ, քանի որ նախորդ համապետական ընտրություններից հետո՝ նկատի ունեմ 2013 թվականը, Հայաստանից տեղի է ունեցել պաշտոնապես արտագաղթ, սակայն ընտրողների թիվն ավելացել էր։ Մենք ունենք կասկածներ, որ Հայաստանում գործել են շրջիկ խմբեր, որոնք իշխանությունների կողմից նախօրոք պատրաստված սցենարով տարբեր ընտրատարածքներում կատարել են կրկնաքվեարկություններ։ Այսինքն, իշխանություններն, իմանալով Հայաստանից բացակայողների մասին, անձնագրեր են պատրաստել նրանց համար և ուղարկել են նրանց փոխարեն քվեարկելու», - ասաց Անդրանիկ Գրիգորյանը։

Եվ քանի որ մատնահետքերի կիրառումը հենց կրկնաքվեարկությունները կանխելու նպատակ ուներ, Սեյրան Օհանյանի առաջնորդած դաշինքը հայտարարում է, որ գոնե հիմա՝ քվեարկությունից հետո, իրենց առաջարկած տարբերակով հնարավոր կլինի ստուգել՝ նույն մարդը մեկից ավելի անգամներ քվեարկել է, թե՝ ոչ։

«Բոլոր ընտրատարածքներում գործող սարքավորումները սինքրոնիզացվեն, կա՛մ հաստատեն, կա՛մ փարատեն մեր կասկածները, որ եղել են կրկնաքվեարկություններ։ Այսինքն՝ 13-րդ ընտրատարածքի տվյալները համեմատվեն, օրինակ, 1-ին ընտրատարածքի հետ, 2-րդի, 3-րդի և այսպես շարունակ, որպեսզի տեսնենք, արդյո՞ք մատնահետքերի համընկնումներ կան, թե՞՝ ոչ», - ասաց Գրիգորյանը։

Հիշեցնենք, պաշտոնական տվյալներով՝ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը ստացել է մոտ 2 տոկոս քվե, չի հաղթահարել անցողիկ շեմը և պնդում է, որ ապրիլի 2-ին տեղի է ունեցել «ոչ թե ընտրություն, այլ ձայների առևտուր ու իշխանությունների կողմից կազմակերպված համակարգային կեղծարարություն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG