Մատչելիության հղումներ

«Կոմերսանտ». ՌԴ հատուկ ծառայությունները տեղյակ էին Պետերբուրգում ահաբեկչության ծրագրման մասին


Ռուսաստան - Պայթյունի հետևանքով վնասված վագոնը Սանկտ Պետերբուրգի մետրոպոլիտենի Տեխնոլոգիական ինստիտուտ կայարանում, 3-ը ապրիլի, 2017թ․
Ռուսաստան - Պայթյունի հետևանքով վնասված վագոնը Սանկտ Պետերբուրգի մետրոպոլիտենի Տեխնոլոգիական ինստիտուտ կայարանում, 3-ը ապրիլի, 2017թ․

Մոսկովյան «Կոմերսանտ»-ի պնդմամբ՝ Ռուսաստանի հատուկ ծառայությունները նախապես տեղեկացված են եղել Սանկտ Պետերբուրգում ծրագրվող ահաբեկչական գործողության մասին, սակայն տեղեկատվության ոչ-բավարար ծավալի պատճառով չեն կարողացել կանխել այն:

Թերթի տեղեկություններով՝ սպասվող ահաբեկչության մասին հատուկ ծառայություններին հայտնել է նախկինում Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման կազմում մարտնչած Ռուսաստանի քաղաքացիներից մեկը: Նա իրավապահներին է փոխանցել նաև այն հեռախոսահամարները, որոնք օգտագործում էին ահաբեկչության կազմակերպիչները:

«Հատուկ ծառայությունների աշխատակիցները պարզեցին, որ հեռախոսային քարտերը գնվել են շուկայում, և դրանցից օգտվող անձանց ինքնությունը ֆիքսված չէ: Տվյալ հեռախոսահամարները գաղտնալսվել են, սակայն «Իսլամական պետության» փորձառու ներկայացուցիչները հեռախոսազրույցների ընթացքում որևէ էական տեղեկատվական արտահոսք թույլ չեն տվել», - գրում է «Կոմերսանտ»-ը` նշելով, որ պետերբուրգյան ահաբեկչությունից անմիջապես հետո Ռուսաստանի հատուկ ծառայությունների պահանջով բջջային կապի օպերատորները անջատել են գաղտնալսվող հեռախոսահամարները` ընդհատակյա ցանցում ներգրավված իսլամիստներին զրկելով միմյանց հետ կապ հաստատելու հնարավորությունից:

Լրատվամիջոցների տեղեկություններով` ռուսաստանցի քննիչներին արդեն իսկ հաջողվել է հստակեցնել Սանկտ Պետերբուրգի մետրոպոլիտենում ահաբեկչական հարձակման մեջ կասկածվող ահաբեկչի ինքնությունը: Gazeta.ru ինտերնետային պարբերականի տեղեկություններով՝ ինքնասպան ահաբեկիչը Ղրղըզստանի Օշ քաղաքում ծնված, մանուկ հասակում Ռուսաստան տեղափոխված 22-ամյա Ակբարժոն Ջալիլովն է: Նրա ինքնությունը պարզելու հարցում Անվտանգության դաշնային ծառայությանը մեծապես օժանդակել են Ղրղըզստանի հատուկ ծառայությունները: Ուշագրավ է, ի դեպ, որ առնվազն 14 մարդու կյանք խլած ահաբեկչական գործողության ենթադրյալ հեղինակը Ռուսաստանի քաղաքացի է:

Սանկտ Պետերբուրգում իրադրությունն այսօր համեմատաբար հանդարտ է: Քաղաքի մետրոպոլիտենն աշխատանքը ողջ ծավալով վերսկսեց այսօր առավոտյան: Երեկ ուշ երեկոյան ահաբեկչական գործողության թիրախ դարձած մետրոյի կայարանի մերձակա տարածք այցելեց աշխատանքային այցով Պետերբուրգում գտնվող Ռուսաստանի նախագահը` հարգանքի տուրք մատուցելով զոհերի հիշատակին:

Ի դեպ, այսօր հայտնի դարձավ, որ ահաբեկչական գործողությունից հետո Վլադիմիր Պուտինին զանգահարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը: «Միացյալ Նահանգների նախագահը զանգահարել էր ցավակցելու և Ռուսաստանի ժողովրդին իր համերաշխությունն ի ցույց դնելու նպատակով: Այլ հարցերի մանրամասն քննարկում այդ հեռախոսազրույցի ժամանակ չի եղել», - հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակը:

Արևմտյան մյուս առաջնորդները ևս իրենց զորակցությունն են հայտնում Ռուսաստանի բնակիչներին: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, օրինակ, Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած ահաբեկչության առթիվ այսօր հանդես եկավ հատուկ հայտարարությամբ:

«Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցածը սարսափելի հարձակում էր: Ես ուղերձ եմ հղել նախագահ Պուտինին` Բրիտանիայի ժողովրդի անունից ցավակցություն հայտնելով այս հրեշավոր հարձակման առթիվ: Տեղի ունեցածը ևս մեկ անգամ վկայեց, որ բոլորս ենք առերեսվում ահաբեկչության վտանգին: Ես ասել եմ Լոնդոնի հարձակումից հետո և այժմ ստիպված եմ կրկնել` ահաբեկիչները հաղթանակի շանս չունեն: Գերակայելու են մեր արժեքները», - հայտարարեց Թերեզա Մեյը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG