Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարամազնովի խոսքով՝ եթե Կենտրոնական ընտրական հանձրաժողովի (ԿԸՀ) տվյալներում արմատական փոփոխություններ չլինեն, իրենք մեծամասնություն կկազմեն հաջորդ խորհրդարանում:
«Սա Հանրապետականին հնարավորություն է տալիս ձևավորել կառավարություն: Այստեղ արդեն մանդատների քանակը այդքան էական չէ, էականը այն է, որ հանրությունը մեզ տվել է վստահություն՝ ձևավորել ապագա կառավարություն, և ապագա հինգ տարիների կառավարությունը ձևավորելու է քաղաքական մեծամասնություն հանդիսացող Հանրապետականը»:
Նրա կարծիքով, չնայած նախնական տվյալներով ՀՀԿ-ն միայնակ էլ կարող է կառավարություն ձևավորել, բայց Հանրապետականի և Դաշնակցության համագործակցությունը այս ընտրություններից հետո էլ կշարունակվի․ - «Ես հակված եմ կարծելու, որ այդ գործընթացին կներառվեն նաև Դաշնակցության մեր գործընկերը: Քանի որ նրանք հաղթահարել են հինգտոկոսանով շեմը, նրանք կունենան խմբակցություն պառլամենտում, իսկ մենք նշել ենք, որ մեր համագործակցությունը ռազմավարական ու երկարաժամկետ է՝ հիմնված ծրագրերի վրա: Մենք կայուն և կանխատեսելի քաղաքական ուժ ենք, և չեմ կարծում, որ մեր երկու ուժերի համագործակցությանը որևէ բան սպառնում է»:
Դիտարկմանը, թե «Ծառուկյան» դաշինքը ամբողջ քարոզարշավի ընթացքում հայտարարում էր, որ չի համագործակցելու ՀՀԿ-ի հետ, և հարցին, թե արդյոք ինքը նրանց հետ համագործակցության հնարավորություն տեսնում է, Շարմազանովն արձագանքեց․ - «Մենք զոռով աղջիկ ուզելու չենք գնում»:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) հրապարակած Ազգային ժողովի ընտրությունների նախնական արդյունքներով վեցերորդ գումարման խորհրդարանում ընտրություններին մասնակցած 9 ուժերից ու դաշինքներից ներկայացված կլինեն չորսը:
Առաջատարը իշխող Հանրապետականն է՝ 49.12 տոկոս ձայներով: Երկրորդը 27.32 տոկոսով «Ծառուկյան» դաշինքն է, երրորդը «Ելք» դաշինքը՝ 7.77 տոկոս, և չորրորդը Դաշնակցությունը՝ 6.57 տոկոս քվեներով:
Հաջորդ խորհրդարանում ներկայացված լինելու համար կուսակցությունները պետք է հաղթահարեին 5 տոկոսի, դաշինքները՝ 7 տոկոսի շեմը:
Կոտայքի մարզն ընդգրկող թիվ 10 ընտրատարածքը միակն է, որտեղ ՀՀԿ-ն ստացած ձայների քանակով զիջել է «Ծառուկյան» դաշինքին:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը «օբյեկտիվ չի համարում» «Անկախ դիտորդից» Դանիել Իոաննեսյանի այն գնահատականը, որ խախտումները նախորդ ընտրություններից ավելի շատ էին․ - «Ընդհանուր առմամբ, եթե նույնիսկ վերցնում ենք հրապարակված տեղեկությունները և այլն, նախնական կարելի է ասել, որ ընտրական գործընթացը ընթացավ ըստ էության Ընտրական օրենսգրքով ամրագրված կանոնակարգումներին համապատասխան»:
Թե որ կուսակցությունն ու դաշինքը քանի մանդատ է ստացել, ԿԸՀ-ն կհայտարարի գալիք կիրակի՝ ընտրությունների վերջնական արդյունքներն ամփոփելիս: Ազգային ժողովի պատգամավորների նվազագույն թիվը 101 պետք է լինի:
Ամենաշատ ձայներ ստացած տարածքային երեք թեկնածուները ՀՀԿ-ից են․ Արարատի գործող մարզպետի եղբորը՝ Արայիկ Գրիգորյանին հաջովել է մարզում հավաքել 45 հազար 339 ձայն, Կարեն Կարապետյանին Լոռիում՝ 44 հազար 255 ձայն, Սամվել Ալեքսանյանին Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ համայնքներում՝ 42 հազար 472 ձայն:
ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, մոսկվայաբնակ գործարար Սամվել Կարապետյանի եղբայր Կարեն Կարապետյանը, ի դեպ, ընտրությունների նախօրեին հայտարարել էր, թե ՀՀԿ անդամ լինելը իրեն կխանգարի առաջիկա ընտրություններում:
«Ծառուկյան» դաշինքի տարածքային թեկնածուներից ամենաշատ ձայները ստացել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արարատի մարզում առաջադրված Արգամ Աբրահամյանը: Նա Արտաշատի գործող քաղաքապետն է:
«Ելք»-ից ամենաշատ ձայները Երևանի Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջաններում ստացել է Նիկոլ Փաշինյանը՝ 11 հազար 513 ձայն:
ՀՅԴ-ից առավելագույն ձայներ ստացած տարածքային թեկնածուն Տավուշում առաջադրված Սուրեն Մանուկյանն է՝ 5 հազար 274 ձայն: Համեմատության համար ասեմ, որ հայրենի Արմավիրի մարզում Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը 1762 քվե է ստացել:
Երևանի Ավան, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում ՀՀԿ-ից ամենաշատ ձայներ ստացել է քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդին՝ Ռոբերտ Սարգսյանը: ԴԱՀԿ ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանը երկրորդն է:
Արաբկիր, Աջափնյակ, Դավիթաշեն համայնքներում նախնական արդյունքներով առաջինը ԱԺ-ի նախագահ Գալուստ Սահակյանի որդին է՝ Արման Սահակյանը․ նա ստացել է 18.5 հազար քվե, 12 հազարից մի փոքր ավելի քվե է ստացել «ՍԱՍ» սուպերմարկետների սեփականատեր Արտակ Սարգսյանը։ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան՝ Արթուր Գևորգյանը երրորդն է:
Հակոբ Բեգլարյանը Կենտրոնում մոտ 26 հազար ձայն է ստացել:
Արմավիրի մարզում Հանրապետականի տարածքային թեկնածուներից առաջատարը Նահապետ Գևորգյանն՝ 22 հազար 64 ձայն է ստացել, ապա Սեդրակ Սարոյանը՝ 21 հազար 937: Ալեքսան Պետրոսյանից քիչ ձայն է ստացել Առաքել Մովսիսյանը՝ 6724:
Շիրակի մարզում նախկին Հանրապետական, իսկ վերջերս «Ծառուկյան» դաշինքին միացած Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ստացել է մոտ 12, 5 հազար ձայն՝ զիջելով Վարդևան Գրիգորյանին, ով առաջինն է մոտ 14 հազար ձայնով:
«Ելք»-ից Արամ Զավենի Սարգսյանը Սյունիքում ստացել է 520 քվե: