Մատչելիության հղումներ

Միջազգային մամուլը՝ հայաստանյան ընտրությունների մասին


«Հայաստանի ռուսամետ նախագահը ամենայն հավանականությամբ կպահպանի իշխանության լծակները», - խորհրդարանական ընտրություններից հետո գրել է բրիտանական Financial Times-ը` մանրամասնելով, - «Ընդդիմադիրները պնդում են, թե նախագահի նախաձեռնած սահմանադրական բարեփոխումների նպատակն էր հնարավորություն տալ, որ 62-ամյա Սերժ Սարգսյանը պահպանի իշխանությունը նաև երկրորդ տասնամյակում՝ կա՛մ դառնալով վարչապետ, կա՛մ կուլիսներից՝ որպես իշխող կուսակցության առաջնորդ»:

Ներկայացնելով ընտրությունների նախնական արդյունքները՝ բրիտանական պարբերականը միաժամանակ փաստում է, որ Transparency International-ի կայքը ավելի քան 2000 ընտրախախտում է արձանագրել քվեարկության օրը:

Հոդվածի վերջում Financial Times-ը հիշեցնում է, որ Սերժ Սարգսյանի վարչակազմը խիստ քննադատության էր արժանացել միջազգային իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպության կողմից անցած տարի զանգվածային բողոքի ցույցերը ճնշելուց հետո:

«Վարչակազմը չափազանց մեծ ու անհամաչափ ուժ կիրառեց խաղաղ ցուցարարների դեմ՝ հարձակվելով լրագրողների վրա ու ներկայացնելով անհիմն քրեական մեղադրանքներ ցույցերի առաջնորդներին ու մասնակիցներին», - կազմակերպության զեկույցն է մեջբերում Financial Times-ը:

Euronews-ը ևս նշում է, որ ընդդիմադիրները սահմանադրության վերջին փոփոխությունները դիտարկում են որպես Սերժ Սարգսյանի քաղաքական կյանքը երկարաձգելու փորձ: - «Նրանք պնդում են, թե հիմա՝ իր նախագահության ժամկետի ավարտին, Սարգսյանը մտադիր է դերերով փոխվել», - հաղորդում է եվրոպական լրատվամիջոցը՝ հավելելով՝ հայաստանցիներից շատերը մեղադրում են կառավարությանը կոռուպցիայի և տնտեսությունը սխալ կառավարելու մեջ, և հիմա, երբ արդեն ահազանգեր են ստացվում ընտրախախտումների մասին, մտավախություն կա, որ երկրում կարող են բողոքի ցույցեր սկսվել, երբ ընտրությունների արդյունքները հաստատվեն:

Deutsche Welle-ն փաստում է՝ 2008-ին նախագահ ընտրված Սերժ Սարգսյանը պետք է թողնի պաշտոնը հաջորդ տարի, այդուամենայնիվ, նա ակնարկել է, որ մտադիր է մնալ քաղաքականապես ակտիվ: - «Ընդդիմախոսները կարծում են, որ 2018-ից հետո նա կշարունակի մնալ իշխանության մեջ, այժմ արդեն որպես վարչապետ», - հաղորդում է գերմանական լրատվամիջոցը:

Ռուսական Lenta.ru-ն ևս անդրադարձել է կիսանախագահականից խորհրդարանական կառավարման անցնելու գործընթացին՝ փաստելով, որ այս նորարարության հարցում տեսակետները միանշանակ չեն: Ոմանք պնդում են, որ իշխանության ապակենտրոնացումը նպատակահարմար չէ միայն կայացած հասարակություններում, որտեղ չկա պատերազմի սպառնալիք: - «Մեր պայմաններում, կարծում եմ, անհրաժեշտ է ուժեղ իշխանություն, ինչ-որ մեկը պետք է կրի պատասխանատվություն», - ասել է քաղաքագետ Թաթուլ Մանասերյանը: Իշխող Հանրապետականի ներկայացուցիչները, մինչդեռ, ռուսական լրատվամիջոցի հետ զրույցում պնդել են, թե փոփոխություններին ոչ թե կտրուկ են անցնում, այլ՝ սահուն, և որ իրենց վերջնական նպատակն է «դարձնել Հայաստանը եվրոպական տիպի երկիր՝ Եվրասիական տարածաշրջանում»:

Վարչապետ Կարեն Կարապետյանը հարցազրույց է տվել ռուսական Известия-ին՝ պնդելով․ - «Քանի որ ինձ վստահել են վարչապետի պաշտոնը, ես ուժերիս ներածի չափով կանեմ ամեն ինչ, որ նպաստեմ երկրի վերականգնմանը, որպեսզի Հայաստանը դառնա ժամանակակից, առաջ շարժվող ու զարգացած երկիր: Երբ Հայաստանի նախագահը ստորագրեց ինձ վարչապետ նշանակելու հրամանագիրը, ինձ վրա երկրում փոփոխություններ անելու պատասխանատվություն դրվեց, և ես ձգտում եմ իմ աշխատանքը կազմակերպել այնպես, որ ինձ բարեփոխիչ անվանի ոչ միայն նախագահը», - Известия-ին ասել է Կարեն Կարապետյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG