Մատչելիության հղումներ

Նալբանդյանը և Լավրովն ուղերձներ են փոխանակել ՀՀ-ՌԴ դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակի կապակցությամբ


Էդվարդ Նալբանդյան և Սերգեյ Լավրով, արխիվ

Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Սերգեյ Լավրովն ուղերձներ են փոխանակել երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ:

Ըստ Հայաստանի արտգործնախարարության պաշտոնական կայքէջի, Նալբանդյանն իր ուղերձում նշել է, որ նախորդ 25 տարիները դարձել են երկկողմ միջպետական կապերի հետևողական զարգացման ժամանակաշրջան՝ հիմնված այն սկզբունքների վրա, որոնք ընկած են Հայաստանի և Ռուսաստանի միջև Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի, Դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի հիմքում:

Նալբանդյանը շեշտել է, որ Հայաստան-Ռուսաստան դաշնակցային ռազմավարական հարաբերությունները հենվում են ամուր իրավապայմանագրային դաշտի վրա, առանձնանում են ամենաբարձր մակարդակով ակտիվ երկխոսությամբ, արտաքին քաղաքական լայն համակարգմամբ, բազմակողմ միջազգային, տարածաշրջանային հարթակներում կառուցողական փոխգործակցությամբ, անվտանգության, ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում արդյունավետ համագործակցությամբ:

Հայաստանի արտգործնախարարը նշել է, որ ակտիվ կապեր կան երկու պետությունների կառավարությունների, խորհրդարանների, տարբեր գերատեսչությունների միջև: Ըստ Նալբանդյանի, ընդլայնվում է առևտրատնտեսական, էներգետիկ, տրանսպորտային, նորարարության, հանքարդյունաբերության ոլորտներում արդյունավետ համագործակցությունը, իրականացվում են կարևոր ներդրումային ծրագրեր, տարեց տարի թափ են հավաքում միջտարածաշրջանային կապերը, հետևողականորեն զարգանում է փոխգործակցությունը հումանիտար և այլ ոլորտներում:

Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման հարցում Ռուսաստանի միջնորդական ջանքերը, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ:

Իր ուղերձում Հայաստանի արտգործնախարարը Ռուսաստանի հետ բարեկամության հարաբերությունների ամրապնդման գործում ընդգծել է Ռուսաստանի հայ համայնքի նշանակալի ներդրումը:

Նալբանդյանը համոզմունք է հայտնել, որ հետագայում ևս բոլոր մակարդակներով համատեղ ջանքերը ուղղված կլինեն երկկողմ դաշնակցային հարաբերությունների հետևողական զարգացմանը:

Սերգեյ Լավրովն իր ուղերձում ընդգծել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր երկու պետությունների միջև բազմաշերտ կապերն անշեղորեն զարգացել են բարեկամության և փոխըմբռնման պատմական ավանդույթների հիման վրա, և համատեղ ջանքերով դրանք բարձրացվել են դաշնակցային փոխգործակցության մակարդակի:

Ստեղծված է ամուր իրավապայմանագրային դաշտ, իրականացվում են հսկայածավալ ներդրումային ծրագրեր, ընդլայնվում են հումանիտար կապերը: Ռուսաստանը և Հայաստանը հանդիսանում են եվրասիական ինտեգրման գործընթացի ակտիվ մասնակիցներ, զգալի ներդրում են ունենում ՀԱՊԿ և ԱՊՀ շրջանակներում համագործակցության ամրապնդման գործում:

Լավրովը գոհունակությամբ փաստել է միջազգային օրակարգի հիմնական հարցերի վերաբերյալ Մոսկվայի և Երևանի դիրքորոշումների համընկնումը կամ մոտ լինելը, ինչը, ըստ Սերգեյ Լավրովի, հստակ արտացոլեցին նախարար Նալբանդյանի՝ Ռուսաստանի Դաշնություն կատարած վերջին պաշտոնական այցի արդյունքները:

Ռուսաստանի արտգործնախարարը շեշտել է, որ արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև հաստատված է պարբերական խորհրդատվությունների մեխանիզմ, պահպանվում է ակտիվ երկխոսություն, որը թույլ է տալիս ոչ միայն համադրել դիրքորոշումները, այլ նաև արդյունավետ համատեղել ջանքերը գլոբալ և տարածաշրջանային հարթակների, այդ թվում՝ ՄԱԿ, ԵԱՀԿ, ՍԾՏՀԿ շրջանակներում:

Լավրովը նշել է, որ նախորդ քառորդ դարի ընթացքում համատեղ գրանցած հաջողությունները ռուս-հայկական հարաբերությունների ներուժի հետագա բացահայտման գրավականն են՝ ապահովելու երկու երկրների ժողովուրդների առանցքային շահերը, պահպանելու Անդրկովկասի տարածաշրջանում խաղաղությունը և կայունությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG