Այսօր խորհրդարանական ընտրություններ են՝ ընտրվում է Հայաստանի Երրորդ Հանրապետության յոթերորդ գումարման խորհրդարանը և վեցերորդ գումարման Ազգային ժողովը:
Առաջին անգամ Ազգային ժողովի ընտրություններն անցկացվում են 2015 թվականի հանրաքվեի հավանությանն արժանացած փոփոխված Սահմանադրությամբ, որով Հայաստանն անցնում է կառավարման կիսանախագահական համակարգից խորհրդարանականի, և անցած տարի ընդունված նոր Ընտրական օրենսգրքով:
Ազգային ժողովի առնվազն 101 մանդատներին հավակնում են 9 կուսակցություններ և դաշինքներ: Դրանք են, ըստ վիճակահանությամբ որոշված հերթականության՝ «Ելք» դաշինքը, «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, «Հայկական վերածնունդ» կուսակցությունը, «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքը, Կոնգրես-ՀԺԿ կուսակցությունների դաշինքը, Հայաստանի հանրապետական կուսակցությունը, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» կուսակցությունների դաշինքը, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը:
Երկրի 13 ընտրատարածքների 2009 ընտրատեղամասերում քվեարկությունը կանցկացվի ժամը 8-ից մինչև 20-ը:
Ըստ Ոստիկանության երեկ հրապարակած տվյալների՝ ընտրողների ընդհանուր թիվն է 2 միլիոն 564 հազար 195:
Փոփոխված Սահմանադրության համաձայն՝ Ազգային ժողովն ընտրվում է համամասնական ընտրակարգով: «Ընտրական օրենսգիրքը երաշխավորում է կայուն խորհրդարանական մեծամասնության ձևավորումը: Եթե ընտրության արդյունքով կամ քաղաքական կոալիցիա կազմելու միջոցով կայուն խորհրդարանական մեծամասնություն չի ձևավորվում, ապա կարող է անցկացվել ընտրության երկրորդ փուլ: Երկրորդ փուլի անցկացման դեպքում թույլատրվում է նոր դաշինքների ձևավորումը», - ասված է երկրի Հիմնական օրենքի 89-րդ հոդվածում: