Մատչելիության հղումներ

Գյումրիում անօթևանների հարցի միակ լուծումը «տնտեսության աշխուժացումն է»


Գյումրի, մարտ, 2017 թ․
Գյումրի, մարտ, 2017 թ․

Մուշեղյանների ընտանիքը Աշոցքի տարածաշրջանի Փոքր Սարիար գյուղից է Գյումրի եկել ու արդեն յոթ տարի տնակում վարձով է ապրում: Երեք երեխաների երիտասարդ մայրը՝ Լեյլին ասում է՝ թեկուզ տնակն իրենցը չէ, բայց փորձում են որոշակի միջոցներ տնտեսել ու կացարանը կարգի բերել: «Ինչքան էլ ուզում ես տնակը նորոգի, եթե պայման չունի, չես կարա: Տնակի մեջ ապրող մարդը չի կարող ասել, որ լիարժեք առողջություն ունի»,- ասում է Լեյլին:

Գյումրիում տնակներում բնակվող շուրջ 3000 ընտանիքներից մոտ 1000-ը տարբեր բնակավայրերից են մարզկենտրոն տեղափոխվել, շատերը վարձով տնակներում են բնակվում, քանի որ այդպես էժան է նստում: Գյումրիում տնակի ամսական վարձը մոտ 10 հազար դրամ է կազմում:

Փտած, խոնավ տնակում ապրող Մուշեղյանները 88-ի երկարաշարժին բնակարան չեն կորցրել, ուստի՝ պահանջելու իրավունք իրենց չեն էլ վերապահում: Տանիք ունենալու հարցում հույսներն իրենց վրա են դնում, միայն ականկալում են պետական աջակցություն՝ աշխատատեղի տեսքով: Գործազուրկ ընտանիքն ապրում է 35 հազար դրամ նպաստով: «Հիմա 10 հազար դրամ էլեկտրականության համար եմ տալիս, տակն ինչ է մնում է․․․»,- ասում է կինը, հավելելով, թե փորձում է նաև առևտրով ինչ-որ բան վաստակել:

Ամուսինն արտագնա աշխատանքի այլևս չի կարող գնալ, առողջությունը քայքայվել է, բայց ընտանիքի հոգսը երբեմն կարողանում է թեթևացնել՝ «Բեռնատար մեքենայով է, եթե պատվեր ունեցավ, ինչ-որ տեղ մի 10 հազար դրամ է, 5 հազար է, կարողանում է աշխատել, դրանով յոլա ենք գնում»:

Արտերկրում ապրող բարերարները տարեկան 50-60 բնակարան են նվիրաբերվում տնականերում ապրող ընտանիքներին: Պետությունը տնակներում ապրող, բայց երկրաշարժից հետո անօթևանի կարգավիճակ չստացած ընտանիքներին բնակարանով ապահովելու բեռն առայժմ չի ստանձնում, քանի որ դրա համար տասնյակ միլիոնավոր դոլարներ են անհրաժեշտ:

Իշխանությունները ստանձնել են միայն երկրաշարժից իրենց իսկ չափանիշներով սահմանած անօթևան համարվող ընտանիքներին բնակարանով փոխհատուցելու պարտավորությունը: Այս տարի ևս 65 ընտանիքի կտրամադրվի բնակարանի գնման վկայագիր ու Գյումրիում անօթևան ընտանիքների նկատմամբ պետության ստանձնած պարտավորությունը կավարտվի:

«Ազատության» հետ զրույցում անօթևանության խնդրով զբաղվող «Շիրակ» կենտրոնի ղեկավար Վահան Թումասյանն ասում է՝ անհատների բարի կամքին թողնելով՝ այս խնդիրը վերջնական լուծում չի ստանա: «Վերջին տարիներին կարծես թե հովանավորների նվիրատվությունների աճ կա․ տարեկան գրեթե 50-ից 60 բնակարան: Ես մի բան գիտեմ, որ Շիրակի մարզում անօթևանությունը և աղքատությունը գնալով խորանում են: Ցավալի է, բայց անօթևանության խնդիրը շատ երկար տարիներ իրեն զգացնել է տալու, եթե իհարկե ամբողջ քաղաքով չորոշեն արտագաղթել»,- ասաց Թումասյանը:

«Շիրակ» կենտրոնի ուսումնասիրությունները փաստում են, որ տնակներում բնակվող առնվազն 2000 ընտանիքի անօթևանի կարգավիճակ պետք է տրվի, քանի որ այդ ընտանիքները, կամա թե ակամա, երկրաշարժի ժամանակ բնակարան են կորցրել՝ «պարզապես, ըստ գործող կարգի, միայն բազմաբնակարան շենքերում բնակարան կորցրածներին են փոխհատուցում»: Թումասյանի խոսքով, այս խնդիրն անլուծելի է թվում․ ելքը, ըստ նրա, թերևս մարդկանց աշխատանքով ապահովելն է, ներդրումների ներգրավումը, տնտեսության աշխորժացումը:

Գյումրիում խարխուլ տնակներից բացի նաև 88 վթարային շենք կա, դրանցից որոշները բնակեցված են, մի զգալի մասն էլ՝ կիսաքանդ: Քաղաքային իշխանություններն առայժմ դրանք ամրացնել չեն պատրաստվում՝ պատճառաբանելով բյուջեի սուղ լինելը:

Գյումրիում անօթևանների հարցի միակ լուծումը «տնտեսության աշխուժացումն է»
please wait

No media source currently available

0:00 0:05:52 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG