Մատչելիության հղումներ

Թուրքական իշխանությունները ճանաչում են միայն Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին․ Մաշալյան


Արամ արքեպիսկոպոս Աթեշյան, արխիվ

Ըստ Մայր Աթոռի պաշտոնական էջի, Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի ավարտին Գարեգին երկրորդ կաթողիկոսն իր օրհնությունն է հղել Պոլսո հայոց պատրիարքի ընտրված տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին:

Պոլսո Հայոց նոր պատրիարքի ընտրության գործընթացը կարող է սկսվել միայն ապրիլի 16-ի սահմանադրական հանրաքվեից հետո: Այս մասին Ստամբուլի փոխնահանգապետ Ազիզ Մերջանը հայտնել է նախօրեին նահանգապետարան այցելած հայ հոգևորականներին:

Երկու շաբաթ առաջ տեղի ունեցած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ Պոլսո հայոց պատրիարքի տեղապահ էր ընտրվել Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը: Սակայն, ընտրությունների արդյունքների ամփոփումից կարճ ժամանակ անց, պարտված թեկնածուն` Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը ներկայացրել էր փոխնահանգապետ Մերջանի ստորագրությամբ պաշտոնական գրություն, որի համաձայն` նոր պատրիարքի ընտրության գործընթացը իրավական տեսանկյունից հնարավոր չէ սկսել:

Պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, պատրիարքարանի հոգևոր խորհրդի նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը և հայր Տրդատ Ուզունյանը երեկ թուրք պաշտոնյայի հետ քննարկել են տեղապահի ընտրություններից հետո ստեղծված անորոշ վիճակը:

«Ակօս» պարբերականում հրապարակված հայտարարության մեջ եպիսկոպոս Մաշալյանը ներկայացրել է փոխնահանգապետի հետ հանդիպման մանրամասները: Ազիզ Մերջանը հայ հոգևորականներին հիշեցրել է, որ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայկական «Սուրբ Փրկիչ» հիվանդանոցի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուի հետ հանդիպման ժամանակ նշել էր, թե պատրիարքի ընտրության գործընթացը կարող է սկսվել միայն ապրիլյան հանրաքվեից հետո:

Թուրք պաշտոնյան նաև հայտնել է, որ նահանգապետարանը ոչ մի գրություն չի ստացել պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի ուխտի լուծարման և նոր պատրարքի ընտրության գործընթացը սկսելու որոշման վերաբերյալ: Ի պատասխան, Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը պարզաբանել է, որ պատրիարքարանն ամենևին նպատակ չի ունեցել անտեսելու նախագահ Էրդողանի խոսքը: Իրենք առաջնորդվել են եկեղեցական կանոնադրությամբ և ըստ այդմ՝ սկսել նոր պատրիարքի ընտրությունների նախապատրաստական աշխատանքները:

Մաշալյանը համաձայնել է փոխնահանգապետի այն քննադատության հետ, թե պատրիարքարանը պատկան մարմիններին չի տեղեկացրել այս գործընթացի մասին և որպես պատասխանատու մատնանշել է պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին:

Ամփոփելով փոխնահանգապետ Ազիզ Մերջանի հետ հանդիպումը` եպիսկոպոս Մաշալյանը հայտնում է, որ պետության համար պատրիարքի ընտրության գործընթացը չի սկսվել, այդ պատճառով էլ թուրքական իշխանությունները ճանաչում են միայն պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին:

Ուշագրավ է, որ երեկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի նախագահությամբ տեղի ունեցած Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի ժամանակ ևս քննարկվել են Պոլսո Հայոց պատրիարքարանում առաջացած խնդիրները: Մայր Աթոռի պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ ժողովի ավարտին Գարեգին երկրորդ կաթողիկոսն իր օրհնությունն է հղել Պոլսո հայոց պատրիարքի ընտրված տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG