Մատչելիության հղումներ

Նալբանդյանը Եվրախորհրդարանի պատգամավորների հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների ամրապնդման հարցեր


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է Եվրոպական խորհրդարանի մի խումբ պատգամավորների, ովքեր Հայաստան են ժամանել ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին Եվրոպական խորհրդարանի դիտորդական առաքելությանը մասնակցելու նպատակով։

Ըստ արտգործնախարարության պաշտոնական կայքէջի, զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ։

Այս համատեքստում Նալբանդյանը նշել է, որ սահմանադրական բարեփոխումներից հետո ընտրական գործընթացի հանդեպ հանրային վստահության առավել ամրապնդման նպատակով խորհրդարանական քաղաքական խմբակցությունների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավմամբ համաձայնություն ձեռք է բերվել Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ։

Նա հավելել է, որ Հայաստանի կառավարությունը շարունակում է անել ամեն հնարավորը, որպեսզի ընտրություններն անցնեն միջազգային բարձր չափանիշներին համապատասխան։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան - Եվրոպական միություն հարաբերությունների ամրապնդմանն ուղղված քայլերը, խորհրդարանական ձևաչափով համագործակցությանը վերաբերող հարցեր։

Երկուստեք գոհունակություն է արտահայտվել Հայաստանի և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի կապակցությամբ։

Հյուրերի խնդրանքով՝ Նալբանդյանը ներկայացրել է տարածաշրջանային և միջազգային մի շարք խնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները։

Արտգործնախարարը Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին տեղեկացրել է Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների համատեղ ջանքերի մասին՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման առաջ մղմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG