Մատչելիության հղումներ

Խախտումներ՝ ԵԱՏՄ երկրներից ներկրումներ իրականացնող մի շարք ընկերություններում, հարուցվել են քրգործեր


Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) խախտումներ է բացահայտել ԵԱՏՄ երկրներից ներկրումներով զբաղվող մի շարք ընկերություններում։

Ըստ ՊԵԿ հաղորդագրության, որոշ տնտեսվարողներ, օգտվելով ներմուծման գործընթացի ազատականացումից և ներկայացնելով խեղաթյուրված տվյալներ, փորձել են խուսափել խոշոր չափի հարկային պարտավորություններից:

Վարչության պետ Սամվել Սինանյանի դիտարկմամբ՝ որոշ տնտեսվարողներ ամեն անգամ տարբեր մեթոդներով են փորձում խուսափել հարկերի վճարումից: «Ներկրումներն իրականացնում են մերձավորների անուններով բացված տարբեր ընկերությունների միջոցով, կամ էլ ստեղծում են ընկերություններ՝ ընդհանրապես իրենց հետ կապ չունեցող և ֆինանսապես չապահովված անձանց անունով, որպեսզի հետագայում անձը չկարողանա վճարել հարկերը: Սակայն նման դեպքերը բացահայտվում են, և պատասխանատվության առաջ են կանգնում այդ ընկերությունները փաստացի ղեկավարած անձինք», - ասել է Սինանյանը:

ՊԵԿ-ը հայտնում է, որ իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչությունը, ՊԵԿ-ի մյուս ստորաբաժանումների հետ համատեղ, նման մի շարք դեպքեր է բացահայտել, երբ տնտեսվարողները, թաքցնելով իրացման շրջանառությունը, խուսափել են ԱԱՀ գծով հարկային պարտավորությունների կատարումից:

«Այսպես, ««Հավիցա» ՍՊԸ-ն, զբաղվելով ԵԱՏՄ անդամ երկրներից, մասնավորապես Ռուսաստանի Դաշնությունից սննդային ձվի, ցորենի և թռչնամսի ներմուծմամբ և իրացմամբ, 2016թ. ընթացքում հարկային տեսչություն է ներկայացրել խեղաթյուրված տվյալներով հաշվարկ-հաշվետվություններ՝ խուսափելով ԱԱՀ-ի գծով 28 միլիոն 104 հազար դրամի հարկային պարտավորությունների կատարումից»: Ըստ Սամվել Սինանյանի, հետագայում պարզվել է, որ «Հավիցա» ընկերությունը փաստացի ղեկավարող Արմենակ Խաչատրյանը ստեղծել է այլ ընկերություններ ևս: «Տեղական» ՍՊԸ-ն նմանատիպ գործունեության արդյունքում խուսափել է 16 միլիոն 592 հազար դրամի, «Գնդեվազի թռչնաֆաբրիկա»-ն՝ 3 միլիոն 736 հազար դրամի չափով հարկերի վճարումից, իսկ «Անդրե Րենթեր» ՍՊԸ-ին՝ պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգմամբ առաջադրվել է լրացուցիչ բյուջե վճարման ավելի քան 73 միլիոն դրամի պարտավորություն», - ասված է հաղորդագրությունում:

ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման և վարչական վարույթների իրականացման վարչության հետաքննության բաժնում խոշոր չափերով և առանձնապես խոշոր չափերով հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու առթիվ Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին [հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը օրենսդրությամբ նախատեսված հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր կամ հարկման հիմք հանդիսացող պարտադիր այլ փաստաթղթեր չներկայացնելու կամ նշված փաստաթղթերի մեջ ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով] և 2-րդ [հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով] մասերի հատկանիշներով հարուցվել են քրեական գործեր, որոնք ուղարկվել են ՊԵԿ քննչական վարչություն՝ համատեղ նախաքննություն կատարելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG