Մատչելիության հղումներ

Ռուսաստանում հակակոռուպցիոն ցույցերը Պուտինը համեմատել է «Եվրամայդան»-ի և «արաբական գարնան» հետ


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ մասնակցել է Արխանգելսկում կայացած Արկտիկայի հարցերով միջազգային համաժողովին և մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել։

Մասնավորապես՝ մարտի 26-ին Ռուսաստանի տարբեր քաղաքներում տեղի ունեցած հակակոռուպցիոն ցույցերը Պուտինը համեմատել է «Եվրամայդան»-ի և «արաբական գարնան» հետ։

Կրեմլի ղեկավարը հայտարարել է, որ կոռուպցիայի հարցերը պետք է լինեն հանրության ուշադրության կենտրոնում, սակայն չեն կարող օգտագործվել ընտրությունների նախաշեմին քաղաքական հարթակում։ «Դա «արաբական գարնան» գործիքն է։ Մենք շատ լավ գիտենք, թե ինչի կարող է դա հանգեցնել։ Հենց դա է առիթ դարձել Ուկրաինայում պետական հեղաշրջման համար, ինչն էլ երկիրը վերածել է քաոսի», - առաջին անգամ մեկնաբանելով Ռուսաստանում տեղի ունեցած աննախադեպ բողոքի ակցիաները՝ ընդգծել է Պուտինը։

Ռուսաստանի նախագահը նաև անդրադարձել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին. - «Օրինական ընտրված նախագահին թույլ չեն տալիս իրագործել իր նախընտրական օրակարգը՝ թե՛ առողջապահության ոլորտում, թե՛ միջազգային հարցերում, այդ թվում՝ Ռուսաստանի հարաբերությունների հետ կապված հարցերում։ Մենք չենք խառնվում, մենք պարզապես սպասում ենք, որ իրավիճակը նորմալանա, կարգավորվի», - ասել է Պուտինը՝ հավելելով. - «Այն, որ Մոսկվան չի խառնվում Միացյալ Նահանգների գործերին, այսօր ապացուցում է, որ չի խառնվել նաև նախընտրական փուլում, ինչի մեջ Ռուսաստանին մեղադրում են շատերը»։

Ռուսաստանի նախագահն ընդգծել է, որ Միացյալ Նահանգների հետ իրական համագործակցությունը կարգավորվում և խորանում է։ «Մենք զգում ենք հարաբերությունները կարգավորելու մեր ամերիկացի գործընկերների մտադրությունը, և սա լավ ազդանշան է», - ասել է Պուտինը։

Նշենք, որ Պուտինի հետ Ֆրանց Իոսիֆի արշիպելագ էր մեկնել նաև Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, ում հրաժարականն էին նախևառաջ պահանջում բողոքի ցույցերին մասնակցած հազարավոր ռուսաստանցիներ։ Փորձագետները նկատում են՝ սրանով Պուտինը կարծես ասում է, որ հակառակ պահանջներին՝ Մեդվեդևին պաշտոնանկ չի անի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG