Հավայի նահանգի դաշնային դատավորը երկարաձգել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի միգրացիոն հրամանագրի արգելափակումը: Դատավոր Դերիք Ուոթսոնը հայտարարել է, թե հրամանագրի ժամանակավոր կասեցման մասին որոշումը կգործի այնքան ժամանակ, մինչև դատարանը չկարգավորի Հավայի նահանգի հայցը ընդդեմ Թրամփի որոշման:
Հիշեցնենք՝ հունվարի 27-ին արձակված առաջին հրամանագրի սառեցումից հետո Սպիտակ տունը վերամշակել էր փաստաթուղթը, Իրաքը հանվել էր մահմեդական 7 երկրների ցանկից, որոնց քաղաքացիների ու փախստականների մուտքը Միացյալ Նահանգներ նախատեսվում էր 90 օրով արգելել: Երկրորդ հրամանագիրը արդեն վերաբերում է մահմեդական 6 երկրի՝ Իրանի, Սիրիայի, Սուդանի, Սոմալիի, Լիբիայի և Եմենի քաղաքացիներին:
Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել է, որ այցերի սահմանափակումներն անհրաժեշտ են՝ կանխելու համար հավանական ահաբեկիչների մուտքը ԱՄՆ: Հավային հայտարարել է, թե հրամանագիրը խտրականության է ենթարկում մահմեդականներին և վնասում երկրի զբոսաշրջային տնտեսությանը:
Ուոթսոնը համաձայնել է Հավայիի հայցին՝ վճռելով, որ հրամանագրի կյանքի կոչվելու դեպքում պետությանը «անդարմանալի վնաս» հասցնելու մեծ հավանականություն կա: