Մատչելիության հղումներ

ԱՄՆ նախագահը ստորագրեց ներգաղթը սահմանափակելու մասին նոր հրամանագիրը


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրում, արխիվ

Նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի ուշ երեկոյան ստորագրեց դեպի Ամերիկա ներգաղթը սահմանափակելու մասին նոր հրամանագիր, որն, ըստ Սպիտակ տան, ուժի մեջ կմտնի մարտի 16-ից:

Ի տարբերություն նախորդի, այս անգամ նախագահ Թրամփը հրահանգել է այսպես կոչված սև ցուցակից դուրս թողնել Իրաքը, մուտքի արգելանք սահմանելով միայն վեց երկրների՝ Իրանի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի, Սուդանի ու Եմենի նկատմամբ: Նոր հրամանագրով մահմեդական այս երկրների քաղաքացիները 90 օրով կզրկվեն ամերիկյան վիզա ստանալու իրավունքից: Մյուս կողմից, հստակեցվում է՝ նրանք, ովքեր մուտքի անցագիր կամ «Գրին քարտ» են ստացել մինչև այս հրամանագրի արձակումը, կկարողանան այսուհետ ևս անարգել Միացյալ Նահանգներ մեկնել:

Նոր փաստաթղթում մյուս առանցքային փոփոխությունը վերաբերում է սիրիացի փախստականներին: Նախորդ հրամանագրով նախագահ Թրամփը որոշել էր նրանց առջև անորոշ ժամանակով փակել Ամերիկայի դռները, մինչդեռ նոր փաստաթղթում սիրիացի փախստականների նկատմամբ որևէ առանձնահատուկ արգելանք սահմանված չէ: Փոխարենը՝ ուժի մեջ է մնում դրույթը, որով Ամերիկան 120 օրով դադարեցնում է փախստականների ընդունումը ցանկացած երկրից:

Նախագահ Թրամփի նոր հրամանագիրը հիմնավորելու եկան նրա վարչակազմի միանգամից երեք բարձրաստիճան պաշտոնյաներ՝ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, գլխավոր դատախազ Ջեֆ Սեշընզը և ներքին անվտանգության նախարար Ջոն Քելին:

«Այս որոշումը առանցքային նշանակություն ունի Նահանգների անվտանգության համար», - հայտարարեց պետքարտուղարը, հատուկ ընդգծելով՝ նախագահը գործի է դրել ամերիկացիներին պաշտպանելու՝ Սահմանադրությամբ վերապահված իր իրավունքը:

«Մենք բարելավում ենք ներգաղթյալների ինքնությունը պարզելու գործընթացը, որպեսզի թույլ չտանք ահաբեկիչների մուտքը մեր երկիր: Ուզում ենք փոխանցել մեր դաշնակիցներին ու ընկերներին ողջ աշխարհով մեկ՝ հասկացեք մեզ, մենք ցանկանում ենք վերացնել այն խոցելի կետերը, որոնք կարող են և կօգտագործվեն իսլամիստ ծայրահեղականների կողմից կործանարար նպատակների համար», - ընդգծեց Թիլերսոնը:

Պետքարտուղարը նաև մանրամասնեց՝ Իրաքն այս անգամ դուրս է մնացել սահմանափակումների ցուցակից, քանի որ այդ երկրի կառավարությունը կիրառում է սեփական քաղաքացիներին ստուգելու նոր ու առավել արդյունավետ մեխանիզմներ, բացի այդ՝ համագործակցում է Վաշինգտոնի հետ «Իսլամական պետության» դեմ պայքարում:

Վարչակազմը կրկին պնդեց՝ պայքարում են ոչ թե մահմեդականների, այլ ահաբեկիչների ու հանցագործների դեմ:

«Նախ, ինչպես նախագահ Թրամփը նշեց Կոնգրեսին ուղղված իր ելույթում, Սեպտեմբեր 11-ից հետո ամերիկյան դատարաններում ահաբեկչությանն առնչվող մեղադրանքներով դատապարտվածների մեծ մասը Նահանգներ են եկել դրսից: Մենք նաև գիտենք, որ ահաբեկիչներից շատերը փորձելու են Ամերիկա գալ փախստականների ծրագիրն օգտագործելով, փաստացի այսօր արդեն ավելի քան 300 փախստական Հետաքննությունների դաշնային բյուրոյի ուշադրության կենտրոնում է՝ ահաբեկչություն կազմակերպելու կամ մեղսակցելու կասկածանքով: Այլ պետությունների նման՝ Միացյալ Նահանգները ևս իրավունք ունի վերահսկել՝ ով է մտնում մեր երկիր, և ներս չթողնել նրանց, որ պատրաստվում են վնաս տալ», - հայտարարեց գլխավոր դատախազ Ջեֆ Սեշընզը:

Ընդդիմադիր ճամբարում, սակայն, վարչակազմի այս փաստարկները ոչ բոլորին են համոզում: Սենատի փոքրամասնության՝ Դեմոկրատական խմբակցության ղեկավար Չաք Շումերն արդեն հայտարարել է․ - «Թրամփի նոր հրամանագիրն արժանանալու է նախորդի ճակատագրին, որն ընդամենը շաբաթներ գործեց և արգելափակվեց ամերիկյան դատարանի կողմից»:

Նախորդ հրամանագիր դատարաններում վիճարկող նահանգային դատախազներն էլ ասել են, թե առայժմ մանրազնին ուսումնասիրում են փոփոխությունները՝ դրանց վերաբերյալ իրենց դիրքորոշումը հայտնելու համար:

XS
SM
MD
LG