Մատչելիության հղումներ

Կարեն Կարապետյան․ Մենք գաղափարախոսությունն ենք փոխելու


Հանրապետական կուսակցությունն այսօր վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ իր վերջին մարզային այցելություններն է կատարում քարոզարշավի շրջանակներում: Առաջին կանգառը այսօր կեսօրին էր՝ Գառնի համայնքում: Քարոզարշավն ընթանում վարչապետի համար արդեն ավանդական հարցուպատասխանի ձևաչափով:

Գառնի համայնքում հարցերը հիմնականում գյուղատնտեսության և տուրիզմի ոլորտներին էին առնչվում։

«Մենք գաղափարախոսությունը փոխելու ենք: Մենք էլի աջակցելու ենք՝ գյուղատնտեսության զարգացման հիմնադրամ ենք ստեղծել, որը ոչ միայն փողով, ֆինանսավորմամբ, այլ ավելի շատ խորհրդատվությամբ է լինելու: Մենք գոտիավորելու ենք մեր հանրապետությունը», - նշում էր վարչապետը՝ մանրամասնելով․ - «Ասենք, պայմանական՝ Գառնիում սոխ մի աճեցրեք, այստեղի տանձն ու կեռասն է լավը: Մի գյուղացի դուրս է եկել, ասում է՝ անասուն եմ պահում, արոտավայր չունեմ: Էլ ինչո՞ւ ես անասուն պահում, եթե արոտավայր չունես: Գլխից ինչո՞ւ ես այդ գործը նախաձեռնել: Ասում է՝ բա ի՞նչ անեմ: Ասում եմ՝ շինշիլա պահի: Ի՞նչ է շինշիլան՝ ինքը չի հասկանում, իր մեղքը չէ, բայց մենք պետք է մեր քաղաքացուն ուղղորդենք՝ ինչը կարող է շահույթ բերել»:

Տուրիզմի առնչությամբ քաղաքացիներին հետաքրքրում էր, թե ճանապարհաշինությունը ինչպես է ընթանալու, նշում էին, որ հատկապես Գառնի համայնքում կան դժվարանցանելի ճանապարհներ, որոնք վերանորոգման կարիք ունեն: Տարեց մի կին էլ նշեց, որ արդեն 2 տարուց ավելի է, ինչ Հայաստանն անդամակցել է Եվրասիական տնտեսական միությանը, սակայն, ասաց՝ Գառնին չի անդամակցել ԵՏՄ-ին և վարչապետին հորդորեց այնպես անել, որ իրենց համայնքն էլ զգա այդ միության դրական կողմերը:

«Դուք շուտվանից մաքսային միության անդամ եք, ուզում եմ Ձեզ տեղյակ պահել», - պատասխանեց վարչապետը, - «Եվ եթե ես հանկարծ երկաթգիծ կառուցեմ դեպի Գառնի, նույն օրը ինձ վարչապետությունից կհանեն, որովհետև երկաթգիծը պահանջում է ծավալ: Այլ խնդիր է, որ մենք Գառնիի համար նորմալ ճանապարհ պիտի սարքենք, որը կկարողանա գործել տարբեր եղանակային պայմաններում: Դա փաստ է»:

Հարցուպատասխանից հետո Գառնու մշակութային կենտրոնի ցուրտ դահլիճում վարչապետ Կարապետյանը ընտրողներին ևս մեկ անգամ հորդորեց լավատես լինել՝ անգամ եթե դրա համար պայմաններ ու հնարավորություններ չկան»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG