Մարտի 22-25-ը, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության 2017 թվականի պատրաստության պլանի համաձայն, բանակային զորատեսակների և ստորաբաժանումների ներգրավմամբ անցկացվել է գնդային մարտավարական զորավարժություն:
Զորավարժությունը հնարավորություն է տվել կատարելագործել ներգրավված անձնակազմի տեսական և գործնական գիտելիքները, բարձրացնել դաշտային վարժվածության մակարդակն ու անընդհատ փոփոխվող իրադրությունում որոշումներ ընդունելու ունակությունները, հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
«Զորավարժությունն անցել է ըստ նախատեսված պլանի և ևս մեկ անգամ ցույց տվել, որ ինչպես պայմանական, այնպես էլ իրական մարտադաշտում Պաշտպանության բանակն ի վիճակի է պատվով կատարել իր առջև դրված ցանկացած մարտական խնդիր և ապահովել Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի անվտանգությունը», - ասված է հաղորդագրությունում:
Զորավարժության եզրափակիչ փուլին ներկա են գտնվել Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի նախագահներ Բակո Սահակյանը և Սերժ Սարգսյանը։