Մատչելիության հղումներ

Բացվեց Հայաստանի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված ցուցահանդեսը


Մարտի 28-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և Երևանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը արտաքին գործերի նախարարությունում բացել են ՀՀ ԱԳՆ և ԱՄՆ դեսպանության կողմից կազմակերպված՝ Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված լուսանկարների ցուցահանդեսը:

Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել Հայաստանի ԱԳՆ ղեկավարությունը, հայաստանյան տարբեր գերատեսչությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ, ԱՄՆ դեսպանության անձնակազմը:

«Կցանկանայի նշել, որ Հայաստանի ժողովուրդն ու կառավարությունը շատ բարձր են գնահատում Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ ձևավորված սերտ բարեկամական գործընկերությունը, որը միայն իր համեստ դրսևորումն է գտել այս սրահը զարդարող լուսանկարների մեջ: Բնականաբար, անհնար է մի ցուցահանդեսի շրջանակներում ներկայացնել մեր երկկողմ բազմաբնույթ ու բազմաշերտ հարաբերությունների ողջ ծավալը», - իր խոսքում, մասնավորապես, ասել է նախարար Նալբանդյանը, - «Մենք արդեն թևակոխել ենք հարաբերությունների մի նոր փուլ, որում մեզ, անկասկած, սպասում են նոր ձեռքբերումներ և նվաճումներ: Հայաստանի կառավարությունը կշարունակի անել հնարավորը, որպեսզի համատեղ ջանքերով բարեկամությունն ու սերտ համագործակցությունը մեր պետությունների և ժողովուրդների միջև նվաճեն նորանոր բարձունքներ»։

Դեսպան Միլսն իր խոսքում նշել է, որ, որպես ԱՄՆ պետքարտուղարությունում Հայաստանի հետ հարաբերությունների համար պատասխանատու առաջին պաշտոնյա, շատ լավ է հիշում երկու պետությունների միջև կապերի հաստատմանն ուղղված առաջին քայլերը, և իր հերթին շեշտել է․ - «ԱՄՆ դեսպանության անձնակազմը և ես պատիվ ունենք այսօր միանալու ձեզ` նշելու Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը` այս գեղեցիկ լուսանկարների ցուցահանդեսով` ընտրված ԱԳՆ և ԱՄՆ դեսպանության արխիվներից: Կարծում եմ, որ ցուցահանդեսին ընտրված լուսանկարները բավականին ազդեցիկ կերպով արտահայտում են, թե որքան ամուր, խորը և բազմաբովանդակ են մեր երկկողմ հարաբերությունները»:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG