Մատչելիության հղումներ

ՀՅԴ-ն բարձրաձայնում է հետընտրական համագործակցության պայմանները


Հայ Յեղափոխական Դաշնակցության համապետական ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանն այսօր «Ազատության» հետ զրույցում փոխանցեց, որ կուսակցությունն ընտրություններից հետո կհամագործակցի բոլոր այն ուժերի հետ, որոնք կընդունեն իրենց երկու պայմանները:

«Հիմնական երկու պահանջներն է, որ դնում ենք այս ընտրությունների հետ կապված: Առաջինը, անշրջելի պետք է դառնա այն, ինչ որ մենք սկսել ենք, այսինքն էս համակարգը չփորձեն հետ շուռ տալ, նորից տանել նախագահականի: Էդպիսի կոչեր հնչում են: Սա պիտի մենք անշրջելի դարձնենք: Երկրորդը, այնքան պետք է արագ տեմպերով այս արդեն փոխած ուղղությամբ շարժվենք առաջ, որ կարողանանք արագ բարեփոխումներ իրականացնել՝ էս համակարգի բերած հնարավորությունները ավելի լիարժեք օգտագործելու միջոցով: Այս մոտեցումները ով որ կընդունի, մենք իր հետ պատրաստ ենք գնալ համագործակցության»:

Անցած շաբաթ Դաշնակցության կոալիցիոն գործընկեր Հանրապետականի ղեկավար անդամ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում ասել էր․ - «Հայաստանի Հանրապետական կուսակցությունը որևէ կուսակցության հետ՝ բացառությամբ Դաշնակցության, որի հետ այս պահին գտնվում է կոալիցիայում, հետընտրական զարգացումների հարց չի քննարկել»։

Մինչդեռ Արմեն Ռուստամյանն այսօր ասաց, որ կոալիցիայի հետ կապված քննարկումներ դեռ չեն ծավալում․ - «Հետընտրական կոալիցիայի հետ կապված քննարկումներ չեն եղել: Մեր խնդիրը շատ հստակ է․ մենք միշտ համագործակցության հետ կապված ունենք մեր սկզբունքային դիրքորոշումը՝ համաձայնություն է առաջացնում մյուսներ հետ՝ մենք իրենց հետ համագործակցում ենք: Օրինակ, նախկինում դա 7 կետերն էր․ ընդունեց իշխանությունը՝ մենք համագործակցեցինք»:

Սևան քաղաքում համակիրների առջև այսօր ելույթ ունեցող Ռուստամյանը հայտարարեց, որ իշխանության հետ համագործակցեցին՝ առկա խնդիրները լուծելու համար, և դա որոշակի գին արժեցավ։

«Ազատության» հարցին, թե որն է այդ գինը, Ռուստամյանը պատասխանեց․ - «Մենք շատ լավ գիտակցում էինք, որ էն դժգոհությունը, որ գոյություն ունի, առաջին հասցեատերը իշխանությունն է: Եվ եթե դու իշխանության մաս ես կազմում, էդ դժգոհության մի մասն էլ, բնականաբար, բերում ես քո վրա: Բայց մենք դա հասկանալով, գիտակցելով ենք գնացել, որովհետև էդ դժգոհությունը հավերժ կմնար, եթե դրա պատճառները չվերացվեին: Բայց դա հնարավոր էր իրականացնել՝ իշխանության հետ համագործակցելով միայն»:

Ռուստամյանն անդրադարձավ նաև Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրաժարականի պահանջին: 100-ից ավելի դպրոցների տնօրենների կողմից Հանրապետականի օգտին ցուցակներ կազմելու բացահայտումից հետո նախարարի հրաժարականը պահանջեց Կոնգրես - ՀԺԿ դաշինքը:

«Դա նախ քարոզչական տրյուկ է», - ասաց նա: - «Կոնգրեսի հիմնական գաղափարական հակառակորդը Դաշնակցությունն է: Դաշնակցության դրոշը իրենց համար կարմիր լաթ ա, դրանից ջղաձգումների մեջ են միշտ ընկնում: Բայց համակարգին ծանոթ մարդը գիտի, որ Լևոն Մկրտչյանը ուղղակի պատասխանատվություն չունի դրա հետ: Լևոն Մկրտչյանին ենթարկվում են միայն ավագ դպրոցները, մնացած դպրոցները համայնքապետերը և մարզպետներն են նշանակում: Էս պարզ ճշմարտությունն իրանք հաստատ գիտեն, բայց, բնականաբար, օգտվելով նրանից, որ շատերը դա չգիտեն, ուղղում են սլաքները դեպի Լևոն Մկրտչյանը: Այդ երևույթի վերաբերյալ հենց ինքը՝ Լևոն Մկրտչյանը դատապարտող հայտարարություններ արել է և այն, ինչ որ իրենց կախված է, դա անպայման անելու է»:

Սևանի մշակույթի տանը հավաքված համակիրներին Դաշնակցության ներկայացուցիչները կոչ արեցին ընտրել իրենց՝ խոստանալով դրական փոփոխություններ կատարել երկրում։

«Մի խոսք կա․ ինչպիսին ժողովրդի իշխանավորներն են, այնպես էլ նրա սպասավորներն են: Ահա թե ինչու է, որ Դաշնակցությունը ուզում է Ազգային ժողովում ներկայանալ իր սկզբունքներով, իր վճռականությամբ, իր կենսագրությամբ: Եվ այդ քաղաքական ուժը ներկայացնող քաղաքական գործիչները պետք է լինեն հայրենասիրությամբ զինված և ավելի վճռականությամբ զինված մարդիկ», - ասաց Դաշնակցության տարածքային ցուցակում ընդգրկված թեկնածու Մելիք Ներսիսյանը:

Սևանի բնակիչները, սակայն, «Ազատության» հետ զրույցներում ասում էին, թե որևէ ուժի այլևս չեն հավատում:

«Չեմ հավատում: Խոստումներին էլ չեմ հավատում, որովհետև քսան տարվա մեջ ոչ մի բարեփոխում չի եղել», - ասաց միջին տարիքի մի կին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG