Մատչելիության հղումներ

Բագրատյան․ Արտագաղթի ներկա տեմպերով շարունակման դեպքում գազի գինն ավելի կաճի


Հրանտ Բագրատյան, Գյումրի, 28-ը մարտի, 2017 թ․

«Ազատ դեմոկրատներն» այսօր Գյումրի էին մեկնել հայտարարելու, որ ներկայացրել են «ամենահամաձակ ծրագիրը», որով կարող են փոխել մարդկանց կյանքն ու պետության ընթացքը:

ԱԴ պատգամավորի թեկնածուները կրկին ընդգծեցին, որ միակ քաղաքական ուժն են, որ Հայաստանը տեսնում են ոչ թե Եվրասիական միության, այլ Եվրամիության կազմում: «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը Գյումրիում, որտեղ տեղակայված է ռուսական 102-րդ ռազմաբազան, խիստ քննադատության ենթարկեց հայ-ռուսական հարաբերությունները, դրանք որակելով «խիստ ցածր մակարդակի»:

«Ես ուզում եմ սա Գյումրիում ասել․ ասել, որ հայ-ռուսական հարաբերությունների ավելի ցածր մակարդակ, քան ունենք այսօր, երբևիցէ չի եղել: Երբ անդամակցում էին ԵՏՄ-ին, ասում էին, որ գոնե անվտանգության բաղցադրիչը կավելանա: Ուզում եմ բոլորիդ հիշեցնել քառօրյա պատերազմի ժամանակ ինչ տեղի ունեցավ: Ավելորդ չեմ համարում հնչեցնել Ռուսաստանի փոխվարչապետի ցինիկ հայտարարությունը քառօրյան պատերազմի ժամանակ: Բառացիորեն հայտարարեց, որ Ռուսաստանը շարունակելու է Ադրբեջանին զենք մատակարարել: Ե՞րբ էր եղել այսքան ցածր մակարադակ»,- իր խոսքում ասաց Խաչատուր Քոքոբելյանը:

Ստյոպա Սաֆարյանն էլ հավելեց՝ քաղաքական բոլոր ուժերը խոսում են համակարգային փոփոխությունների մասին, մինչդեռ, հենց այդ ուժերի գերակշիռ մասն է ստեղծել այս համակարգը: Սաֆարյանը քննադատեց նաև Հանրապետական կուսակցության քարոզարշավի ճոխությունը, այն պարագայում, երբ բանակում վիրավորված զինվորի համար քաղաքացիներից 1000 դրամ են հավաքում:

«Հաշվե՞լ եք՝ որքան արժեն այն թանկարժեք էկրանները, որոնք տեղադրվում են բոլոր մարզերում: Հաշվե՞լ եք այն փողերը, ընտրակաշառքներից սկսած մինչև քարոզչական ճոխ նյութերը: Որքան միլիարդներ են ծախսվում: Արդյո՞ք սա աղքատ պետության, զինվորի մասին մտածող պետության վարքագիծ է»,- հարց հնչեցրեց Ստյոպա Սաֆարյանը:

«Ազատ դեմոկրատների» վարչապետի թեկնածու Հրանտ Բագրատյանն իր խոսքում նախ փորձեց բնութագրել Գյումրին ու գյումրեցուն: «Հասկացել եմ, որ Գյումրիին մի քիչ առանձնահատուկ է պետք վերաբերվել, մի քիչ նրբություն կա այս հարցում: Էսպիսի մի խոսք կա, ասում են՝ օգնեք տաղանդավորներին, անտաղանդներն իրենք իրենց ճանապարհը կգտնեն: Այ Գյումրին էս տաղանդավորն է»,- ասաց Բագրատյանը:

Թեև «Ազատ դեմոկրատներն» իրենց նախընտրական ծրագրում ներառել են գազի գնի նվազեցման խոստում, սակայն, Բագրատյանի կարծիքով, եթե արտագաղթը ներկա տեմպերով շարունակվի, էներգակիրների գներն ավելի կաճեն: «Թեկուզ և այն պատճառով, որ տարեկան 40 հազար մարդ մեկնում է և 40 հազար մարդ քիչ է գազ սպառում: Շուկան անընդհատ նեղանում է, էլ շուկա չի մնացել՝ 2 միլիոն մարդ»,- պարզաբանեց Հրանտ Բագրատյանը:

Եվասիական տնտեսական միության վարած քաղաքականությանն անդրադառնալիս էլ նա խոսեց «դիտավորության» մասին, ասելով՝ «Հայաստանում աշխատանք չկա, ի՞նչ կարիք կա, եկեք Ռուսաստանում աշխատեք: Ժողովուրդ ջան, չի լինում, որ քաղաքակրթություն ստեղծեն այլ երկրներում: Քաղաքակրթությունն ազգերը ստեղծում են միայն իրենց հայրենիքում»:

«Ազատ դեմոկրատները» Շիրակի մարզում պատգամավորի 7 տարածքային թեկանածու են առաջադրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG