Մատչելիության հղումներ

ՀՀԿ փոխնախագահը չի հստակեցնում, թե ինչ կարգավիճակ է ունենալու Սերժ Սարգսյանը 2018-ից հետո


ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյան

Հայաստանի նախագահի հայտարարությունից օրեր անց էլ իշխող Հանրապետականը չի հստակեցնում, թե արդյոք 2018 թվականից հետո էլ ՀՀԿ առաջնորդն իր ձեռքում է պահելու իշխանության լծակները, և ինչ կարգավիճակ է ունենալու մոտ քառորդ դար իշխանության մեջ գտնվող Սերժ Սարգսյանը:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Ազատության» դիտարկմանը, թե մտահոգություններ են հնչում, որ Հայաստանը բռնում է ավտորիտարիզմի ճանապարհը, Հանրապետականի փոխնախագահ Արմեն Աշոտյանն արձագանքեց․ - «Իրականության մեջ մենք գնում ենք խորհրդարանական կառավարման մոդելի: Դուք ինձ կարո՞ղ եք որպես գիտակ մարդ, նաև վերլուծաբան, հիշեցնել որևէ պառլամենտական երկիր, որը ավտորիտար է: Ես չեմ հիշում: Մենք անցնում ենք պառլամենտական կառավարման մոդելի, որը բացառում է ավտորիտարիզմը: Այդ մտավախությունները փարատեցի կարծեմ: Ինչ վերաբերում է նախագահի քաղաքական ապագային, ապա, կարծում եմ, այսօր ավելի ճիշտ է խոսել ներկայի մասին: Որովհետև Հայաստանի հանրապետական կուսակցությունը իր կարգախոսով՝ «Անվտանգություն և առաջընթաց», հատկապես կարևորել է անվտանգային գործոնները մեր երկրի համար»:

Աշոտյանը խուսափողական պատասխան տվեց հստակեցնող հարցին, թե հնարավոր է արդյոք, որ խորհրդարանական այս ընտրություններում Հանրապետականի հաղթանակի դեպքում Սերժ Սարգսյանը իրական իշխանություն չունենա 2018-ից հետո՝ ասելով․ - «Եկեք պայմանավորվենք, որ մենք անպայման ընտրություններից հետո դեռ մի քանի անգամ կհանդիպենք: Ե՚վ ընտրություններից անմիջապես հետո, և՛ մինչև 18 թվականը, և՛ 18 թվականից հետո: Ո՚չ ես, ո՚չ էլ Հանրապետական կուսակցությունը չենք պատրաստվում լքել քաղաքական դաշտը, հետևաբար ինձ հետ երկարաժամկետ քննարկումների առիթներ «ինչ կլինի եթե, ապա» ձևաչափում մենք դեռ կունանենք»:

Շաբաթ օրը Արցախում ելույթ ունենալով զինծառայողների առջև՝ ընտրություններին ընդառաջ «Անվտանգություն և առաջընթաց» կարգախոսն ընտրած Հանրապետականի առաջնորդը հայտարարեց․ - «Մեր անվտանգությանը ուժեղ առաջնորդություն է պետք․․․ Ես հիմա չգիտեմ՝ ինչ քաղաքական կառուցվածք կլինի 2018-ին, բայց եթե իմ գլխավորած քաղաքական ուժը հաղթի գալիք ընտրություններում, ապա այդ պահի դասավորությունից ելնելով ինչ-որ կարգավիճակում իմ դերը կունենամ մեր ժողովրդի անվտանգության ապահովման հարցում։ Չգիտեմ դա ինչ կարգավիճակ կլինի, բայց հաստատ որևէ ձևաչափով օգտակար կլինեմ»:

Այդքան էլ շատ ժամանակ չի մնացել նախագահ Սարգսյանի պաշտոնավարման երկրորդ ժամկետի ավարտին՝ ընդամենը մեկ տարի, սակայն Հանրապետականի առաջնորդը շարունակում է անորոշության մեջ պահել հանրությանը: Սահմանադրական փոփոխություններից առաջ՝ 2014-ի ապրիլին Սերժ Սարգսյանը հայտարարեց․ - «Պաշտոնապես հայտարարում եմ, որ ես՝ Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնի համար: Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին»:

Իսկ հանրաքվեից գրեթե մեկ տարի անց՝ 2016-ի հոկտեմբերին, Al Jazeera հեռուստաընկերության եթերում նախագահ Սարգսյանը չբացառեց, որ այս խորհրդարանական ընտրություններից հետո կարող է զբաղեցնել վարչապետի պաշտոնը․ - «Ես շատ վաղ եմ համարում այդ խոսակցությունները վարելը: Ինչո՞ւ: Դա նույնն է, երբ որ դեռևս ձուկը ջրում, մենք սկսենք խոսել նրա օգտագործման մասին: Ասելս ինչ է․ որ մենք հաջորդ տարի ունենալու ենք խորհրդարանական ընտրություններ, և որպեսզի ես այդպիսի տարբերակ դիտարկեմ, առնվազն մեր կուսակցությունը պետք է ընտրություններում շատ լավ քվե ստանա»:

Ի դեպ, այսօրվա ասուլիսին իշխող Հանրապետականի փոխնախագահը «շատ դրական» գնահատեց տարիներով իշխանություններին սուր քննադատության ենթարկած Հայ ազգային կոնգրեսի դերակատարությունը Ղարաբաղի հարցը նեքաղաքական քննարկումների մաս դարձնելու համար: Ապրիլյան պատերազմից ընդամենը չորս օր էր անցել, երբ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը իր տանը հյուրընկալեց նախագահ Սարգսյանին՝ շուրջ մեկ ժամ քննարկելով ղարաբաղայան հարցը:

Նախորդ շաբաթ Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ իր գլխավորած քաղաքական ուժը համաձայն է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության առաջարկած ղարաբաղյան կարգավորման ծրագրին՝ հավելելով․ - «Հանրապետական կուսակցությունը նույնպես այս գծի մեջ է»:

«Ես կտրականապես համաձայն չեմ Լևոն Տեր-Պետրոսյանի գնահատականների հետ, բայց Կոնգրեսը կատարեց մի կարևոր բան, վատ կատարեց, բայց կատարեց՝ Արցախի խնդիրը փորձեց մտցնել նախընտրական դիսկուրսի մեջ: Թե չէ որոշ կուսակցությունների քարոզրաշավը նայում ես, այնպիսի տպավորություն է, որ Լյուքսեմբուրգի քաղաքական ուժ է, ոչ մի անվտանգային մարտահրավեր չկա, ոչ մի չլուծված հակամարտություն չկա, միայն սոցիալ-տնտեսական խնդիրներ են և այլն, և այլն: Եվ ՀԱԿ-ի դերակատությունը այս տեսակետից ես շատ պոզիտիվ եմ համարում․ որ քաղաքական դիսկուրս դարձրեց արցախյան խնդիրը՝ չհամաձայնելով իրենց ձևակերպումներին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG