Մարտի 27-28-ը Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում անցկացվում է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ) գարնանային նստաշրջանը, որին մասնակցում է Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակությունը՝ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ:
Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ պատվիրակության կազմում են պետական-իրավական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանը, Հայկ Բաբուխանյանը, Նաիրա Կարապետյանը, Տաճատ Վարդապետյանը և Լյուդմիլա Սարգսյանը:
Երեկ ԱՊՀ ՄԽՎ քաղաքական հարցերի ու միջազգային համագործակցության և ԵԽԽՎ քաղաքական հարցերի և ժողովրդավարության հանձնաժողովների համատեղ նիստում, որին մասնակցել են Հերմինե Նաղդալյանը, Ռուբիկ Հակոբյանը և Նաիրա Կարապետյանը, քննարկվել է ահաբեկչության ֆինանսավորման հակազդման և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործունեության դեմ պայքարում ԵԽԽՎ և ԱՊՀ երկրների խորհրդարանների մասնակցության ընդլայնման հարցը:
Նույն օրը տեղի են ունեցել ԱՊՀ ՄԽՎ բոլոր մշտական հանձնաժողովների նիստերը:
Երեկ կայացել է նաև ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստը, որին մասնակցել է Հերմինե Նաղդալյանը: Նիստը վարել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:
ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստից հետո Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակությունը մասնակցել է Վեհաժողովի 46-րդ լիագումար նիստին:
Լիագումար նիստի արդյունքներն ամփոփվել են մամուլի ասուլիսում, որին մասնակցել է հայկական պատվիրակության ղեկավարը:
Երեկոյան ԱՊՀ ՄԽՎ 25-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր միջոցառումների թվում Հայաստանի խորհրդարանի կողմից Վեհաժողովին Ռուսական կայսրության Պետական դումայի պատգամավոր Միքայել Պապաջանյանի կիսանդրու նվիրատվության արարողությանը մասնակցել են տարբեր երկրների խորհրդարանների ղեկավարներ, ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, այլ պատվավոր հյուրեր:
Կիսանդրու բացմանը ելույթ է ունեցել Նաղդալյանը՝ մանրամասն ներկայացնելով Պապաջանյանի կենսագրությունը և ավանդը պետական-քաղաքական գործում: Մատվիենկոն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել հայ-ռուսական դարավոր բարեկամությունը խորհրդանշող արժեքավոր նվերի համար:
Մարտի 27-ին տեղի է ունեցել նաև ԱՊՀ ՄԽՎ 25-ամյակին նվիրված հանդիսավոր նիստ: Հայկական պատվիրակության ղեկավարն իր ելույթում առանձնահատուկ ընդգծել է Վեհաժողովի բացառիկ խաղաղարար գործունեությունը, որի գլխավոր արդյունքներից է կրակի դադարեցման մասին եռակողմ համաձայնագիրը՝ ստորագրված Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի և Ադրբեջանի միջև 1994 թվականին: